Վրաստանում կկառուցվի 28 նոր դպրոց, կվերանորոգվի 83-ը, հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն փետրվարի 13-ին կայացած ճեպազրույցում:

Կառավարության ղեկավարը նշել է, որ դրա համար բյուջեից կծախսվի

50 միլիոն լարի (մոտ 19 միլիոն դոլար): Աշխատանքները  կիրականացնի  Մունիցիպալ զարգացման հիմնադրամը:

«Կրթությունը կառավարության կարեւորագույն գերակայությունն է: Հենց դրա համար էլ մենք սկսեցինք հիմնարար կրթական բարեփոխումները, որի կարեւոր բաղադրիչը ենթակառուցվածքների բարեկարգումն է », – հայտարարել է Բախտաձեն:

Ըստ նրա, կառավարությունը խնդրի լուծման և շատ ռեսուրսների ներգրավման համար աշխատում է դոնոր կազմակերպությունների եւ բարեկամ երկրների հետ:

Բախատաձեն նաեւ նշել է, որ տարածաշրջանային դպրոցների վերանորոգման համար նախատեսվող նպատակային փոխանցումների ծավալը կրկնապատկվել է:

 «Մենք գտնում ենք, որ տեղում ավելի լավ գիտեն իրենց դպրոցների կարիքները եւ, համապատասխանաբար, խնդիրը կլուծվի ավելի արագ», – ասել է Բախտաձեն:


Վրաստանում գործող   պետական դպրոցների թիվը կազմում է 2084:

Ինչպես արդեն հաղորդվել էր, վերջերս Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակը դիտարկում է անցկացրել 108 դպրոցներում, ինչը ցույց է տվել, որ երկրի շրջաններում գտնվող 16 դպրոցներում խմելու ջուր   չկա: 

Վրաստանի կրթության նախարարությունը ավելի վաղ  հայտարարել էր կրթական համակարգի մասշտաբային բարեփոխումների մասին, որը կտեւի 4 տարի:

Երկրի դպրոցներում նախատեսվող փոփոխությունների թվում են՝ ուսուցիչների գիտելիքների եւ հմտությունների մակարդակի գնահատման նոր համակարգը, ենթակառուցվածքների զարգացումը, նորարարությունների եւ տեխնոլոգիաների ներմուծումը: Արդյունքում, ըստ բարեփոխումների հեղինակների, Վրաստանը պետք է դառնա տարածաշրջանի առաջատարը՝ կրթության ոլորտում: