Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Նինոծմինդա-Հայաստան միջպետական ճանապարհով երթևեկությունն արգելված է անվտանգության նկատառումներից ելնելով: Մոտավոր 100-ից ավելի մեքենաներ ճանապարհին են մնացել:
Ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, քանի որ ուժեղ բուք է և տեսանելիություն չկա:
«Տեղյակ ենք, որ մեքենաները կանգնած են և ուզում են շարունակել իրենց ճանապարհը, բայց տեսանելիություն չկա, այդ իսկ պատճառով այս պահի դրությամբ արգելվում է երթևեկությունը դեպի Հայաստան: Տարվում են համապատասխան աշխատանքներ», – ասացին Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտից:
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին այս պահի դրությամբ 100-ից ավելի մեքենաներ են կուտակված: Վարորդները բողոքում են, որ արգելել են երթևեկությունը: Ըստ վարորդներից մեկի խոսքերի, ճանապարհը բաց է, սակայն իրենց արգելում են առաջ շարժվել:
«Գիշերվանից կանգնած սպասում ենք, ճանապարհը բաց է, մենք զանգել իմացել ենք, բայց չեն թողնում առաջ գնանք: Ստեղծված իրավիճակից օգտվում են բոլորը, մարդիկ ճանապարհին են մնացել, սա ինչ խայտառակություն է»,- ասաց վարորդներից մեկը, ով արդեն 4 ժամ է Նինոծմինդա-Հայաստան տանող ճանապարհին է կանգնած:
Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը սպասարկող «ՋավախԱվտոԳզա» ընկերությունից նշում են, որ համապատասխան մաքրման աշխատանքներ են իրականացվում, բայց եղանակային վատ պայմանների պատճառով, ժամանակ առ ժամանակ դադարենցնում են աշխատանքները, քանի որ անիմաստ է: