Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնաբերել է ավելի քան 8 կգ 500գ հերոին պարունակող թմրամիջոցի ապօրինի ներկրման փաստ:
Ինչպես հայտնել են նախարարության ճեպազրույցում, Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատման և Վրաստանի տարածք մեծ քանակով թմրամիջոցների ապօրինի ներկրման փաստով ձերբակալվել է Իրանի քաղաքացի:
«Սահմանապահ ոստիկանության աշխատակիցները, Սադախլոի սահմանային հատվածում իրականացված օպերատիվ-որոնողական և հետաքննչական միջոցառումների արդյունքում, ձերբակալել են Իրանի քաղաքացի՝ Օ.Ա.-ին, ծնված 1987 թվականին, Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատման և Վրաստանի տարածք մեծ քանակով թմրամիջոցների ապօրինի ներկրման փաստով։
Նրա կողմից կատարված հանցանքը նախատեսում է ազատազրկում՝ 15-20 տարի ժամկետով կամ անժամկետ ազատազրկում:
Հետաքննությունը պարզել է, որ Իրանի քաղաքացին հատել է հայ-վրացական պետական սահմանը՝ շրջանցելով սահմանային անցակետը: Իրավապահները ձերբակալված անձի անձնական խուզարկման ժամանակ մոտ 8 կգ 500 գ հերոին պարունակող թմրանյութ, ինչպես նաև բուպրենորֆին պարունակող 10 հաբ և 1 պարկ մետամֆետամին են առգրավել:
Հետաքննությունը ընթանում է Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատման և Վրաստան մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ներմուծման փաստով, մասնավորապես, Վրաստանի Քրեական օրենսգրքի 344 հոդվածի 1-ին մասի, 260-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետի և 262-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի հիման վրա»,-հայտարարել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունում:
Աղբյուրը՝ interpressnews.ge