Վրաստանում թանկացել է հացը: Վաճառքի կետերում հացի գինը աճել է 5-10 թեթրիով: Հացամթերքի արտադրողները թանկացման պատճառը կապում են ալյուրի գնաճի հետ:

«Նախորդ տարվա համեմատ, մեկ պարկ ալյուրը թանկացել է 32%-ով: Այսօր նրա գինը 47-50 լարի է: Բացի այդ, ըստ նոր կարգափոխման, հացը պետք է փաթեթավորվի թղթե պարկի մեջ, ինչը նույնպես բարձրացնում է հացի գինը: Վերջնական արդյունքում, հացի գինը 5-10 թեթրիով թանկացել է», – «BusinessPressNews»-ին հայտարարել է հացամթերք արտադրողների ասոցիացիայի նախագահ՝ Մալխազ Դոլիձեն:

Հացը թանկացել է նաեւ «Իփքլիում»: Ինչպես հայտնել են ընկերությունից «BusinessPressNews»-ին, գինը բարձրացել է 10 թեթրիով: Ըստ նրանց, դա նվազագույն գնային ճշգրտում է, որը թույլ կտա ընկերությանն արտադրել որակյալ արտադրանք՝ առավել մատչելի գնով:

«Ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ից Վրաստանի խանութներում «Իփքլիի» հացամթերքները կվաճառվեն փոփոխված գներով: Այս որոշումը ընկերության կողմից կայացվել է համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակի հիման վրա: Վերջին մի քանի ամիսների ընթացքում ցորենի գինը, համապատասխանաբար, շատ երկրներում հացի համար անհրաժեշտ ալյուրի գինը զգալիորեն աճել է: Փոփոխություններն ազդել են վրաց արտադրողների վրա էլ: Այսօրվա դրությամբ մեկ պարկ ալյուրի արժեքը տատանվում է 47-ից մինչեւ 50 լարիի սահմաններում, սա այն դեպքում, երբ օգոստոսին` 33-ից 35 լարի էր:

Մի քանի ամիս շարունակ, «Իփքլի» ընկերությունը պահպանել է հացահատիկային ապրանքների գները անփոփոխ` ընկերության պահուստների եւ ռեսուրսների հաշվին: Ցորենի եւ ալյուրի գնաճի վերջին տենդենցը ստիպեց ընկերությանը վերանայել հացի գնային քաղաքականությունը», – հայտարարում են ընկերությունից: