Մի քանի ամիս է Ախալքալաքի Նալբանդյան փողոցի շուկային կից հատվածը ազատ էր առևտրական սեղաններից, սակայն ներկա դրությամբ առևտուրը այնտեղ վերսկսվել է։

Ախալքալաքի քաղաքապետարանը 2018 թ.-ի հուլիս ամսից ակտիվ աշխատում էր Նալբանդյան փողոցը առևտրական սեղաններից ազատելու ուղղությամբ, ինչն էլ իր հերթին դժգոհություն էր առաջացրել առևտրականների շրջանում։ Չնայած դրան, քաղաքի և գյուղերի բնակիչները գոհունակություն էին հայտնում, որ վերջապես կարող են ազատ քայլել փողոցով։

Առաջին անգամ առևտրական սեղաններից ազատվելուց հետո փողոցը լցվեց գրենական պիտույքների վաճառասեղաններով, քաղաքապետ Յուրիկ Ունանյանը այդ հանգամանքը բացատրեց հետևյալ ձև, որ դպրոցներին ընդառաջ առևտրականները դիմել են քաղաքապետարան խնդրանքով, որ ժամանակավոր թույլ տան նրանց առևտուր անել Նալբանդյան փողոցում։ Քաղաքապետարնն էլ ընդառաջելով նրանց թույլատրել էր, որպեսզի օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 20-ը վաճառեն։

Այդպես էլ եղավ, ասված ժամանակահատվածում փողոցն ազատվեց և մի քանի ամիս ոչ մի առևտրական սեղան չէր նկատվում փողոցում։ Եվ ահա մի քանի օր է, ինչ ակնհայտորեն նկատելի են մայթերից փողոց հասած վաճառասեղանները։ Չրեր, մրգեր, ընդեղեններ արդեն վաճառվում են Նալբանդյան փողոցում։

Նկատելով այդ ամենը դիմեցինք քաղաքապետ Յուրիկ Ունանյանին, նա պարզաբանեց.

“Քանի որ արդեն դեկտեմբեր է, Նոր տարին է մոտենում, մենք պետք է այս ամիսները համբերենք, թողնենք, որ փողոցում առևտուր լինի, ի օգուտ ժողովրդի։ Դրսից գալող առևտրականներին էլ չպետք է արգելել, քանի որ, օրինակ, եթե մանդարինը ավելի շատ լինի, դրսից բերեն, ժողովուրդը ավելի էժան կգնի։ Այս ամիսներից հետո նորից կանցնենք նույն ռեժիմին”, – ասաց Յուրիկ Ունանյանը։

Բացի առևտրական սեղաններից, ինչպես նաև նկատելի են փողոցում կանգնած մեքենաները, մրգով կամ այլ ապրանքով բեռնված։

arevtur meqena

Մնում է հույս հայտնել, որ Ամանորյա աժիոտաժից հետո փողոցը կրկին կազատվի վաճառասեղաններից և մարդիկ նորից կկարողանան ազատ քայլել փողոցով։

Գայանե Ակոջյան