Ախալքալաքի կենտրոնական փողոցներ են դուրս եկել և իրենց քարոզչությունն են անցկացնում «Եհովայի Վկաները»: Հայկական Եկեղեցին, որի հավատացյալները կազմում են Ախալքալաքի բնակչության մեծամասնությունը համարում է «Եհովայի Վկաների» այս քայլերը հակաքրիստոնեական:
Արդեն մի քանի օր է քաղաքի կենտրոնում, «Խաս Բախչա» այգու հարևանությամբ, Սուրբ Խաչ եկեղեցու մոտակայքում «Եհովայի Վկաները Վրաստանում» կազմակերպության անդամները կանգնած են ցուցատախտակով կրոնական գրականությամբ և գրքույկներով և մարդկանց տեղեկացնում են իրենց կազմակերպության գաղափարախոսության և Աստվածաշնչի մասին:
Եղան մարդիկ, որոնք մոտենում էին, վիճում նրանց հետ: Եղան նաև այնպիսի մարդիկ, որ լսում էին, վերցնում գրքույկը և հեռանում:
«Եհովայի Վկաների» ցուցատախտակի վրա գրված է. «Ինչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում», «Անվճար Աստվածաշնչյան գրականություն», «Վերցրեք մեկ օրինակ» և այլն:
Ցուցատախտակի վրա ցանկացողների համար դրված էն նաև տարբեր գրքեր և բուկլետներ:
Մայիսի 28-ին, օրվա առաջին կեսին, Սուրբ Խաչ եկեղեցու քահանա՝ Տեր Տաթև Մարուքյանը մոտեցել, վերցրել է բուկլետը, նայել ու այն պատռել: Նրա օրինակին են հետևել նաև ուրիշ մարդիկ: Գրականության մեծամասնությունը պատռվել է:
«Վրաստանի Եհովայի Վկաներ»-ի անդամները դրան շատ կտրուկ արձագանքեցին և կանչեցին ոստիկանություն:
Քահանա Տեր Տաթև Մարուքյանը, մեր հարցին, թե ինչու ճղեց բուկլետները, պատասխանեց, որ նա վերցրեց գրականությունը, որը թույլատրվում էր ցանկացածին և հետո օգտվելով իր դավանանքի ազատության իրավունքից պատռեց այն, քանի որ դա իրենց կողմից համարվում է մերժելի:
«Մենք պարզապես այն պատռեցինք, ինչը մեր որպես հայ քրիստոնյաի, առավել ևս եկեղեցու սպասավորի իրավունքն է: Մերժել այն գրականությունը, որը քարոզում է եկեղեցու ուսմունքին հակառակը: Իրենք մեր համար համարվում են հոգեորսներ: Այս մի քանի օրերը շատ հազարավոր զավակներ ընդվզում էին, շարունակ մեղադրելով մեզ, որ ինչի ենք մենք հանդուրժում իրենց գույությունը քաղաքի մարդաշատ հատվածում: Այդ օրինակով մենք ցույց տվինք, թե օրենքի սահմաններում ինչպես կարելի է ցույց տալ անհանդուժողականությունը: Մենք ոչինչ չունենք քարոզիչ անհատների դեմ, մեր ատելությունը նրանց տարածած ուսմունքի և իրենց տարածած գրականության դեմ է: Մեր համար այն ինչ դեմ է Աստծուն, դա մեղք է», – ասում է Տեր Տաթև Մարուքյանը:
«Վրաստանի Եհովայի Վկաները» կազմակերպության անդամները, ովքեր կանգնել էին ցուցատախտակի մոտ, մեր ոչ մի հարցին չպատասխանեցին, ասելով, որ մեր բոլոր հարցերին կպատասխանի իրենց իրավաբանը:
Կազմակերպության իրավաբան՝ Մանուչար Ծիմինտիան, որի հետ մենք զրուցեցինք հեռախոսով, տվյալ միջադեպը գնահատեց որպես հոգևորականների կողմից իրենց իրավունքների խախտում:
«Դա առաջի դեպքը չէր, ոչ այդպիսի միջադեպ, սակայն հակա գործողություններ եղել են նաև երեկ և նախորդ օրը: Առաջինը՝ նրանք վարվեցին ոչ օրինական և երկրորդը՝ ոչ քրիստոնեական», – ասաց նա:
Իսկ ինչ վերաբերվում է ցուցատախտակով քարոզչությանը, Մանուչար Ծիմինտիան ասաց.
«Կազմակերպության անդամները գործել են համապատասխան Վրաստանի և Միջազգային «Կրոնի ազատության» օրենսդրության: Մեր անդամները տնետուն էին գնում, սակայն մարդիկ ասում էին, որ իրենց տները չգնան և դրա համար մենք անցկացրինք ցուցատախտակով քարոզչությունը: Մեր ներկայացուցիչները միայն կանգնած են, ով ցանկանում է մոտենում է», – ասաց իրավաբանը:
«Եհովայի Վկաները» կազմակերպությունը Ախալքալաքում գործում է 90-ական թվականներից: Նրանք քաղաքում ունեն հատուկ հավաքատեղի, որտեղ նրանք հավաքվում են և անցկացնում իրենց միջոցառումները:
«Եհովայի Վկաներ» կազմապերպությունը վերջին տարիներին քաղաքում շատ ակտիվացել է: Կազմակերպության անդամները մտնում են տնետուն, բաժանում գրքույկներ և քարոզում իրենց ուսմունքը:
«Եհովայի Վկաների» և Քրիստոնեության գաղափարախոսության տարբերությունը այն է, որ «Եհովայի Վկաներ»-ը չեն ընդունում Հիսուս Քրիստոսին որպես իրական աստված: Նրանք գլխավորը համարում են հայր Աստծուն, անվանելով նրան Եհովա: Նրանք չեն ընդունում Սուրբ Երրորդությունը՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Ինչպես նաև չեն ընդունում քրիստոնեական գաղափարների կարևորագույններից մեկը՝ այն, որ մարդ ունի կենդանի հոգի, որը ապրում է մարդու մահից հետո:
Շուշան Շիրինյան