Վրաստանի ՆԳՆ-ն դեռ չի ներկայացրել մեղադրանք սույն թվականի նոյեմբերի 10-ին Ախալցիխեի շրջանի Ածղուրի գյուղի մոտ տեղի ունեցած վթարի փաստով: Միկրոավտոբուսի վարորդը համոզված է, որ մեղավորը «Շկոդայի» վարորդն էր:
Նոյեմբերի 10-ին վթարի էր ենթարկվել Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղից Ռուսաստան մեկնող “Մերսեդես” մակնիշի միկրոավտոբուսը։ Ավտովթարի հետևանքով “Շկոդա” մակնիշի ավտոմեքենայի մեկ ուղևոր, ով ՆԳՆ աշխատակից էր, տեղում մահացել էր, իսկ վարորդի վիճակը բժիշկները բավարար էին գնահատում։ “Մերսեդես” մակնիշի միկրոավտոբուսի ութ ուղևոր տուժել էին։ Ուղևորներից մի քանիսը մի քանի վիրահատություն տարան Ախալցիխեի և Թբիլիսիի հիվանդանոցներում։ Ներկա դրությամբ բոլոր տուժածները հիվանդանոցներից դուրս են գրվել։
Դեպքի առթիվ Ներքին գործերի նախարարությունը գործը քննում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 5-րդ մասով, որը նշանակում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչի հետևանքով մարդ է մահացել։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-7 տարի, պաշտոնի կամ գործունեության դադարեցում 3 տարի ժամկետով։
Մինչ այս օրս նախարարությունը չի հաստատել թե ով է դեպքի մեղավորը, ով է կրելու պատասխանատվություն: Այնտեղ սպասում են փորձաքննության պատասխաններին:
“Մերսեդես” մակնիշի միկրոավտոբուսի վարորդը վստահաբար ասում է, որ ավտովթարի մեղավորը “Շկոդա” մակնիշի ավտոմեքենայի վարորդն է։
“Ես իմ ճանապարհով էի ընթանում, ես 100% ասում եմ, որ “Շկոդան” է բախվել ինձ։ Մեքենան բախվեց իմ մեքենային և մեզ գցեց ճանապարհից դուրս։ Դատախազությունից կանչել էին, որ գնայինք մեքենայի մոտ, նրանք նստարանից կտորներ վերցրեցին, որպեսզի հետաքննությունով պարզեն, ես եմ եղել ղեկին թե մեկ ուրիշը”, – ասաց Սարո (Սամվել) Էլիզբարյանը։