«Եվրոպական Վրաստան»-ի Ախալքալաքի գրասենյակն աշխատում է միասնական ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի օգտին, որպեսզի նա ավելի շատ ձայներ ստանա Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
Այսօր Աջարիայի «Եվրոպական Վրաստան»-ի տարածաշրջանային եւ մունիցիպալ կազմակերպությունների ղեկավարները լքել են կուսակցությունը: Աջարիայի տարածաշրջանային ղեկավար Ռաուլ Թավարթքիլաձեն հայտարարություն է տարածել Բաթումիի կուսակցական գրասենյակում: Ըստ նրա, որոշման պատճառը դարձել է այն, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Դավիթ Բաքրաձեն աջակցել է Ազգային շարժման թեկնածուին:
Ինչ վերաբերում է Ախալքալաքի շտաբին, ապա նրանք ոչ թե մտածում են՝ լքեն, թե ոչ, այլև պատրաստ էին դրան նախքան ընտրությունների առաջին փուլը:
«Այն, որ ինչ-որ մեկը հեռացել է մեր շարքերից, ամենայն հավանականությամբ, կաշառքի պատճառով է: Մեր ակտիվիստներին էլ էին փորձում կաշառել: Նույնիսկ ընտրություններից առաջ դա որոշված էր: Մենք եւ «Միասնական ազգային շարժումը» Եվրոպական ժողովրդական կուսակցության կազմում ենք (Համաեվրոպական կուսակցություն): 5-6 ամիս առաջ մեր առաջնորդները համաձայնագիր էին ստորագրել, որ երկրորդ փուլում մեկը կաջակցի մյուսին», – ասաց «Եվրոպական Վրաստան»-ի Ախալքալաքի նախընտրական շտաբի ղեկավար Արսեն Կարապետյանը:
«Մենք կներդնենք մեր բոլոր ռեսուրսները` միասնական ընդդիմության շահերը պաշտպանելու համար: Մեր հանձնաժողովի անդամները կրկին երկրորդ համարի ներքո կլինեն, բայց նրանք կաջակցեն միասնական ընդդիմությանը: Այսինքն, մենք փորձում ենք առավելագույն ձայներ հավաքել և գումարել այն 2500-ին, որը մենք ստացել էինք Ախալքալաքում եւ դրանք գումարել Վաշաձեի ձայներին», – ասաց նա: