Թբիլիսիի երբեմնի ամենաբարձր գագաթով հավլաբարյան Շամխորեցոց սբ․ Աստվածածին կամ Կարմիր Ավետարան կոչվող կիսախոնարհ եկեղեցու միակ կանգուն մնացած պատի հարևանությամբ 2016-ին մեկնարկած շինարարական աշխատանքները լուրջ վտանգ են դարձել պատմամշակութային կոթողի մնացորդների համար։

Ժամանկին այս հարցը մեծ աղմուկի պատճառ դարձավ, սակայն այսօր այս տարածքում արդեն գործում է հյուրանոց, եկեղեցու հենց կողքին վերջերս բացվեց նաև սրճարան, իսկ եկեղեցու պատը վերածվել է նշված հյուրանոցի կայանատեղիի:

shamkhoreconc vanq

Հոկտեմբերի 14-ին վիրահայոց թեմի նախաձեռնությամբ սբ․ Էջմիածին եկեղեցու կիրակնօրյա պատարագից հետո համայնքի մի խումբ ներկայացուցիչներ ու հավատացյալներ երթով շարժվեցին դեպի Շամխորեցոց եկեղեցի: Խաղաղ ցույցի շրջանակներում եկեղեցու պատի մոտ տեղի ունեցավ մոմավառություն, աղոթք, ներկաները նաև աղբից մաքրեցին եկեղեցու խոնարհված հատվածը, որն ըստ տեղի բնակիչների՝ վերածվել է թմրանյութերի օգտագործման վայրի։

«Թեև վիրահայոց թեմը, հայ համայնքը բողոքներով, նամակներով բազմիցս դիմել է պատկան մարմիններին՝ հայտնելով, որ եկեղեցու հարակից տարածքում շինարարությունը խստիվ արգելված է, այնուամենայնիվ, նրանք շարունակում են իրենց գործունեությունը: Ձայն բարբառոյ յանապատի՝ անպատասխան», – «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է վիրահայոց թեմի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը և պատասխանելով «ինչո՞ւ որոշվեց ակցիա անցկացնել հենց այսօր» հարցին, ասում է.

shamkhoreconcc

«Վիրահայոց թեմը երբեք ձեռքերը ծալած չի նստել իր հուշարձանների, եկեղեցիների, կառույցների հետ վերադարձնելու հարցում: Մի կարծեք, թե անուշադրության ենք մատնում։ Իրավական, պաշտոնական նամակներով դիմում ենք, վրաց իշխանությունները դեռևս չեն կարողանում լուծում գտնել մեր հարցերին: Այս ցույցը հերթական նամակից հետո մեր դիմումն է՝ հիշեցման կարգով», – ասում է Խաչատրյանը:

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության վարչության անդամ Ալեքսանդր Օհանյանն ասում է, որ ակցիայի մասին իմացել է նախօրեին, սոցցանցերում տարածված հայտարարությունից.

vanq 4

«Ակցիան ուշացած է և, ինչպես միշտ, ունենք խնդիր՝ նման հարցերը համաձայնեցված չեն համայնքային կառույցների հետ: 25 տարվա ընթացքում տարբեր ձևաչափերով բանակցություններ են արվել վիճելի եկեղեցիների հարցով, իսկ համայնքը, բաց հասարակությունը դուրս է մնացել այդ բանակցությունների ընթացքից: Դրանք կարծես ստացել են միջկառավարական, միջպետական ձևաչափ: Թե ինչու մինչ օրս թեմը չի փոխում դիրքորոշումը, ինձ համար պարզ չէ», – ասում է Օհանյանը:

vanq 45

Եկեղեցու հարակից տարածքի կիսափլուզված տներից մեկում բնակվող տարեց կինը հիշում է եկեղեցին կանգուն ժամանակ: Ասում է՝ ժամանակին հայկական այս թաղամասում տեղակայված եկեղեցին խորհրդային միության տարիներին տարբեր գործառույթներ է ունեցել, իսկ հետո քանդվել է 4 բալանոց երկրաշարժից:

«Այս խաղաղ ակցիան կոչ է, որ չի կարելի անտարբեր վերաբերմունք ցուցաբերել Թբիլիսիում մշակութային հուշարձանի նկատմամբ», – ասում են մասնակիցները:

Եկեղեցուց 5 մետր հեռավորության վրա բնակելի շենքի շինարարության մասին ակտիվ քննարկումները մեկնարկել էին Tiflis Hamkari կազմակերպության ներկայացուցիչների կողմից, սոցցանցերում նրանց տարածած լուսանկարներն ու գրառումները քննարկման բուռն թեմա էին դարձել: Ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ գրառումներ են արվել նաև #SaveKarmirAvetaran հեշթեգով: Հարցն ուսումնասիրել և զեկույց էր ներկայացրել նաև Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը (TDI):

«Շամխորեցոց Սուրբ Աստվածածին – Կարմիր Ավետարան»-ը 18-րդ դարի հուշարձան է, որը գտնվում է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, Փերիսցվալեբի 21 հասցեում: 1989 թվականի երկրաշարժի հետևանքով շինությունը մասամբ խոնարհվել է` լուրջ վնասվելով: Հայ առաքելական եկեղեցու տեղեկատվությամբ՝ եկեղեցու վերանորոգումը մինչ օրս չի իրականացվել, ինչի պատճառով եկեղեցու՝ ամբողջովին խոնարհման իրական վտանգ գոյություն ունի: 2007 թվականին եկեղեցուն տրվել է «Մշակութային ժառանգության անշարժ գույքի» կարգավիճակ: Բացի դրանից, փլատակները գտնվում են Թբիլիսիի պատմական զարգացման պաշտպանության գոտու սահմաններում, ինչը, իրավաբանորեն, պաշտպանության լրացուցիչ երաշխիք է:

vanq1

Աղբյուրը՝ Aliq.ge