Երեխաների նորմալ զարգացման համար անհրաժեշտ է, որ նրանք օրվա ընթացքում քնեն 9-11 ժամ, 2 ժամից քիչ անցկացնեն հեռախոսների, համակարգիչների ու այլ հարմարանքների էկրանների առջև և ֆիզիկական ակտիվության համար տրամադրեն առնվազն մեկ ժամ: Նման խորհուրդներ են մշակվել կանադական «Movement Guidelines for Children and Youth»-ի կողմից, սակայն այսօր շատ քիչ երեխաներ են ապրում այս ռեժիմով:
Մարդու հիմնական մտավոր զարգացումը տեղի է ունենում մանկության և պատանեկության ժամանակ, ուստի կարևոր է, թե ինչ ռեժիմով է երեխան ապրում: Տարբեր միջազգային կազմակերպություններ և հետազոտական կենտրոններ, տարբեր ուսումնասիրություններ են իրականացնում, որպիսի հաստատեն ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը երեխաների մտավոր ունակությունների վրա:
Ամենամսյա «Lancet Child & Adolescent Health» առողջության վերաբերյալ ամսագիրը ԱՄՆ-ում, 4500 8-ից 11 տարեկան երեխաների մոտ, անցկացրել է ուսումնասիրություն: Ամսագրում ասվում է, որ երեխաները, որոնք օրական 2 ժամից ավելին են ծախսում համակարգիչների և սմարթֆոնների վրա ու ավելի քիչ ժամանակ՝ ֆիզիկական ակտիվությունների վրա, մտավոր ունակություններով, հիշողության և լեզվի կարողությամբ զիջում են այն երեխաներին, ովքեր համակարգիչների և սմարթֆոնների էկրանների մոտ ծախսում են 2 ժամից ավելի քիչ ժամանակ: Այս ուսումնասիրության մասին գրում է The Washington Post-ը:
«Lancet Child & Adolescent Health» ամսագիրը հետևել է, թե քանի ժամ է քնում երեխան, որքան ժամանակ է նա ծախսում էկրանի դիմաց և որքան ժամանակ է տրամադրում ֆիզիկական ակտիվություններին: Ուսումնասիրության համաձայն, երեխաների միայն 5% -ի ռեժիմն է համապատասխանում առաջարկված ռեժիմին, իսկ մնացած երեխաների 63% -ն ամեն օր էկրանների առջև անց է կացնում ավելի քան 2 ժամ: