Աիդա Դավթյանը տաս տարի է միայնակ, առանց հիմնական աշխատանքի երկու մանկահասակ թոռներին է մեծացնում: Սահմանափակ միջոցներով, բայց մեծ սիրով ու նվիրվածությամբ նա ամեն ինչ անում է թոռների համար:
10-ամյա Սամվելը պատմում է. «Մի շաբաթ առաջ թնդրբազ (խմբ. լարախաղաց) էր եկել մեր գյուղ, տատկիս ասաց փող չունենք»:
Մոդեգամ գյուղի վերջնամասում, կիսաքանդ, երկսենյականոց հին տանը Աիդան օրն ի բուն աշխատում է, որ երկու թոռներին մեծացնի: Սամվելն ու Կարենը ծնողներին չեն հիշում, շատ ուզենալու դեպքում էլ չեն հիշի, որովհետև, երբ ծնողները թողել և հեռացել են, Կարենն ընդամենը 8 ամսեկան է եղել, իսկ Սամվելը 2 տարեկան:
Փայտե հնամաշ դռներից դուրս է գալիս Աիդան մեզ դիմավորելու: Դեմքի կնճիռները ինքնին խոսում են կնոջ չարչարանքի մասին: Նա փորձում է ժպտալ, սակայն աչքերը մատնում են:
«Մեր պատմությունը պատմելու էլ չէ, որ ձեզ պատմեմ: 10 տարի է այս վիճակում ենք: Հիմա էլի լավ վիճակում ենք, տեսեք հատակը նորոգել ենք: Բարերարներ էին եկել, իրենց աչքերով տեսան, հողե հատակ էր, գետնի տակից գորտերն էին դուրս թռնում, երեխաները վախենում էին, անտանելի վիճակ էր: Հետո բարերարները նորոգեցին, ինչ տեսնում եք, ամեն ինչ բարի մարդիկ են մեզ օգնել», – պատմում է Աիդան:
Երեք անդամից բաղկացած ընտանիքն ապրում է երեխաների թոշակի հաշվին: Կարենն ու Սամվելը, որպես ծնողազուրկ 120-ական լարի դրամական օգնություն են ստանում:
Աիդան 57 տարեկան է, հիմնական աշխատանք չունի, այստեղ-այնտեղ օրավարձով գյուղատնտեսական տարբեր աշխատանքներ է անում, որ կարողանա երեխաների գոնե տարրական պահանջները հոգալ:
«Ուր գնում եմ չորանում է, սոցիալական օգնությունն էլ կրճատեցին, եկան լրացրին, պարզվեց բալերը բարձր է եկել, չգիտեմ է, ինչ ունեմ, որ բարձր է: Նույնիսկ սառնարան չունենք, ուտելիքը փչանում է, ստիպված հարևանների տուն եմ տանում: Բայց այդ մարդիկ ինչքա՞ն են համբերելու, ես էլ եմ վատ զգում ամեն անգամ խնդրել»,- նշում է երեխաների տատիկը:
Աիդա Դավթյանն արդեն երկու ամիս է Սոցիալական ծառայությունից, որպես կարիքավոր ընտանիք օգնություն չի ստանում: Հերթական ստուգման արդյունքում համակարգիչը հաշվարկել է 65 775 բալ, ինչը ենթադրում է, որ Դավթյանները 1 տարի ամսեկան ընդամենը 20 լարի են ստանալու: Ինչպես ճշտեցինք Սոցիալական ծառայությունից, Դավթյանների կարգավիճակը 1 տարի կմնա նույնը, մինչև մյուս տարի այս ժամանակ կարողանան նոր ստուգում իրականացնել:
Այս տաս տարիների ընթացքում Դավթյաններին շատերն են օգնության ձեռք մեկնել: Քույր ու եղբայր՝ Աննա և Էդգար Ալթունյանները դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ և սննդամթերքով օգնեցին Աիդա Դավթյանին:
Աղունիկ Այվազյան