Օգոստոսի 13-ի երեկոյան երիտասարդաշատ էր Ախալքալաքի կենտրոնական զբոսայգին՝ Խաս Բախչան․ Ջավախքի ակտիվ երիտասարդները Տիգրանը, Արտյուշը և Անժելան ինքնատիպ երաժշտական համարներով հանդես եկան, նրանց օգնում էր ուսուցիչ և ավագ ընկեր Արմեն Երիցյանը։
Համերգ կազմակերպելու գաղափարը Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանինն էր, որի իրագործման առաջարկը երիտասարդների սրտով էր։
Արմեն Երիցյանը սիրով աշխատում և համագործակցում է երիտասարդների հետ։ Նրա կարծիքով Ջավախքում շատ կան տաղանդավոր երիտասարդներ, պարզապես անհրաժեշտ միջոցներ են պետք, որ որակով երաժշտությունը ճանաչելի դառնա։ Նման համերգներ կազմակերպելը Արմեն Երիցյանի առաջին փորձը չէ, տարիների ընդմիջումներով արդեն 4-րդ համերգն են ներկայացնում հանդիսատեսին։
«Ցավոք նման միջոցառումներ քիչ են կազմակերպվում, բայց այս համերգներն են, որ պետք է ցույց տան, որ բացի հարսանեկան տաշի-տուշիներից ուրիշ երաժշտություն էլ կա, ուրիշ որակ էլ կա», – ասում է Արմեն Երիցյանը։
Տիգրան Մղդեսյանին քաղաքում շատերն արդեն ճանաչում են տարբեր միջոցառումներից։ Տիգրանը դուդուկ և սաքսաֆոն է նվագում, երաժշտական կրթությունը կիսատ է թողել։ Տիգրան ուզում է Եվրոպա գնալ։
«Եվրոպա գնալու միտքը այսօր էլ ընթացքում է, քայլեր ձեռնարկել եմ՝ սպասում եմ հրավերի։ Ջավախքում ուզում եմ մենահամերգ ունենալ», – ասում է Տիգրանը։
Մեր հարցին, թե ի՞նչը կպահի Ախալքալաքում երիտասարդ երաժիշտին, Տիգրանն ասում է, որ մասնագիտական որակի ու առաջընթացի խնդիր ունի, այստեղ չի կարող ավելին առաջ գնալ, սակայն երկմտում է` հնարավոր է նաև մնա։
Արտյուշ Պողոսյանը Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի կիթառի բաժնի 4-րդ կուրսի ուսանող է։ Նա 19 տարեկան է, չնայած ընտրել է երաժշտությունը, որպես մասնագիտություն, բայց դեռ վստահ չէ, թե արդյո՞ք կխորացնի։ Այնուամենայնիվ, երգելն ու նվագելը նրա կյանքում մեծ դեր են զբաղեցնում։
«Որ ասեմ, եթե չերգեմ կմեռնեմ կամ չեմ կարող ապրել առանց երգելու՝ ճիշտ չի լինի։ Բայց ինձ համար ինքնարտահայտվելու լավագույն միջոցը երգն է։ Ուզում եմ երաժշտությամբ մարդկանց սեր տարածել և այն ամենը ինչը, ես կարող եմ ուղղակի ասել բառերով, կարելի է ասել երաժշտության միջոցով», – մեզ հետ զրույցում ասաց Արտյուշը։
Անժելա Մինասյանը այս խմբի ամենակրտսերն է, նա դպրոցական է։ Սովորում է Ախալքալաքի 4-րդ դպրոցի 9-րդ դասարանում։ Անժելան ապագայի հստակ պլաններ դեռ չունի։
«Դեռ չգիտեմ որտեղ և ինչ համալսարանում եմ ուզում շարունակել կրթությունս, բայց վստահ եմ, որ մասնագիտություն ընտրելիս արվեստի ոլորտն եմ ընտրելու»,- ասում է Անժելան։
Տիգրանը, Արտյուշը և Անժելան ոգևորված են ելույթ ունենալ իրենց քաղաքի երիտասարդների և ընկերների համար։ Միշտ սիրով կմասնակցեն նման առաջարկների, նույնիսկ կարող է և սեփական նախաձեռնությամբ կազմակերպեն։ Նրանք շնորհակալություն են հայտնում, բոլորին, ովքեր իրենց աջակցել են այս համերգը իրականացնել, նաև այն երիտասարդներին, ովքեր հաճույքով լսում և ծափահարում էին։
երիտասարդական համերգին ներկա էին նաև տեղական իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:
Սոնա Տոնականյան