Սկսվեց կարտոֆիլի ոռոգման շրջանը, միաժամանակ սկսվեց Ախալքալաքի ջրամատակարարման խնդիրը:

Ուժեղ կարկուտից հետո, որը գրեթե ոչնչացրեց գյուղացիների բերքը, նրանք փորձում են ինչ-որ կերպ վերականգնել կարկուտից և շոգից տուժած դաշտերը: Այսպիսով, բոլոր ջրային ռեսուրսներն ուղղված են բերքի ոռոգմանը: Այդ պատճառով Ախալքալաք քաղաքի մի մասում, տներում ջուրն այնքան է քչացել, որ տաք ջուրը չի միանում, իսկ բազմաբնակարան շենքերի երկրորդ հարկերում ջուրն ընդհանրապես չի հոսում:

«Ամեն տարի այսպես է լինում: Արդեն մի քանի օր է տաք ջուրը չի միանում: Սառն էլ, այնքան բարակ է հոսում, որ տաքանալու չէ: Ամեն տարի նույնը, երբ ոռոգման շրջանը սկսվում է, իրավիճակը այսպիսին է», – ասում է քաղաքի բնակիչներից մեկը:

«Մենք ապրում ենք չորրորդ հարկում, ջուրը սովորական օրերին հազիվ է հասնում մեր հարկ: Այժմ ընդհանրապես չկա», – ասում է Ախալքալաքի մեկ այլ բնակիչ:

Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ախալքալաքի Կենտրոնի տնօրեն Արտակ Թարլամազյանի խոսքերով` պատճառն այն է, որ որոշ գյուղերում ջրատար խողովակները ծակել են կարտոֆիլը ջրելու համար:

«Ամբողջ քաղաքի տներում ջուր չկա, պատճառը Կուլիկամ, Վաչիան և մի քանի այլ գյուղերում ոռոգման սեզոնն է: Խողովակների վրա ծակերը փակում ենք, մեր հետևից բացում են: Մենք արդեն չենք հասցնում: Խնդիրը հիմնականում կապված է Կուլիկամ գյուղի հետ, քանի որ քաղաքն այնտեղից` Աբլարից է ջուր ստանում: Մենք հուսով ենք, որ անձրև կգա, եթե անձրև գա, ապա ավելի քիչ ջուր կգնա ջրելուն: Եթե անձրև չգա, ապա ավելի շատ ջուր կլինի միայն այն ժամանակ, երբ բերքը ջրելու սեզոնն ավարտվի», – ասաց Արտակ Թարլամազյանը: