Երեկ, մայիսի 17-ին, ոստիկանության աշխատակիցները Ախալքալաքի թուրքական բարերում ռեյդ են իրականացրել, նրանք հարցաքննության են տարել այդ բարերի աշխատակիցներին:
Մեր տեղեկություններով, Վրաստանի ոստիկանության Գործակալության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային գրասենյակում հարցաքննության են ենթարկվել թուրքական բարերի 27-28 կին աշխատողներ:
Ախալքալաքում թուրքական բարերը սկսեցին բացվել Կարծախի Թուրքիայի հետ սահմանի բացվելուց հետո: Սկզբում բարերը բացվում էին քաղաքի ծայրամասերում, ճանապարհային հատվածներում, սակայն աստիճանաբար սկսեցին բացվել քաղաքում: Քաղաքի բնակչությունը դժգոհ է այս փաստից և կարծում է, որ այդ բարերում իրականացվում է նաև մարմնավաճառություն:
Ներքին գործերի նախարարությունից տեղեկություններ ստանալ այն մասին, թե արդյոք հարուցվել է գործ այս փաստի առթիվ, հարցաքննություններից ինչ արդյունքներ են գրնցվել, և արդյոք թուրքական բարերի հարցաքննված կին աշխատակիցները ազատ են արձակվել, թե՝ ոչ, դեռևս չհաջողվեց: Մենք առավոտից սպասում ենք այս հարցերի պատասխաններին` Վրաստանի ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունից:
Հարկ է նշել, որ մի քանի օր առաջ նմանատիպ ռեյդ անցկացվել էր նաև Ախալցիխեում, որտեղ հարցաքննվել և ազատ են արձակվել թուրքական բարերի 50 կին-աշխատողների: Այդ փաստի առթիվ սկսվել է հետաքննություն Վրաստանի Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի հիման վրա « ներգրավվածություն մարմնավաճառության մեջ »:
Լուսանկարը արխիվից