Հայաստանի Ազգային ժողովում վարչապետի ընտրության համար հատուկ նիստ է ընթանում։ Միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը նիստի հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով պատգամավորներ Շիրակ Թորոսյանի և Տաճատ Վարդապետյանի հարցերին, կարևորել է բացառիկ հարգանքի վրա հիմնված՝ Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունները:
«Կարծում եմ, որ ընդհանրապես պետք է մաքսիմալն անել հայ-վրացական հարաբերությունները աշխարհաքաղաքական ազդեցություններից զերծ պահելու համար, որովհետև շատ դեպքերում լարվածություններ առաջացել են ոչ թե այն պատճառով, որ մեր հարաբերությունների բնականոն պրոցեսն է բերել այդ լարվածությանը, այլ որովհետև հարցերը դիտարկվել են ոչ թե հայ-վրացական հարաբերությունների, այլ ինչ-որ ուրիշ հարաբերությունների համատեքստում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի թեկնածուն համակարծիք է հանրապետական պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ, որ Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլու իշխանության կառավարման տարիներին հայ-վրացական հարաբերությունները զուտ ֆորմալ բնույթ են կրել, որովհետև Սաակաշվիլին առաջնայնությունը տալով աշխարհաքաղաքական իր կողմնորոշմանը, Վրաստանը դրել է թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական և քաղաքական ազդեցության ներքո, որն էլ ավելի է խորացրել ոչ հայանպաստ դիրքորոշումը:
«Փոխադարձաբար ինքնության նկատմամբ բացառիկ հարգանքը պետք է դառնա այն անկյունաքարը, որի վրա պետք է էլ ավելի հզորանա հայ-վրացական բարեկամությունը», – նշել է վարչապետի թեկնածուն:
Իսկ մեկ այլ հանրապետական պատգամավոր Տաճատ Վարդապետյանն էլ հարցրել է. «Ակնհայտ ընդգծված հակառուսական հայացքներով Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլին ցնծությամբ ձեզ է ոգևորում, արդյո՞ք նա ակնկալում է համարժեք վերաբերմունք իր վերադարձի հետ կապված Վրաստան, որպես պետության առաջնորդ»:
«Նախ ուզում եմ ասել, որ անձամբ չեմ ճանաչում Սաակաշվիլիին, երբեք որևէ շփում՝ ուղիղ կամ միջնորդավորված չեմ ունեցել, սրանով այդ թեման սպառվում է: Աշխարհում շատ մեծ արձագանք է գտել այն, ինչ կատարվում է Հայաստանում: Երկրորդ, Սաակաշվիլիի Վրաստան վերադառնալու խնդիրը դա բացառապես Վրաստանի ներքին գործն է, և Մ. Սաակաշվիլիի անձնական գործը: Հայաստանի հանրապետության և իմ առնչությունը այդ թեմաների հետ որևէ կերպ չեմ տեսնում: Վրաստանի իշխանությունների հետ մենք կաշխատենք շատ սերտ և այդ աշխատանքի արդյունքում հայ-վրացական հարաբերությունները կզարգանան էականորեն», – պատասխանել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Այժմ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստի ընդմիջումն է, այն կվերսկսվի ժամը 17:00-ին: Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը հայտարարել են Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ Այսօր Ազգային ժողովում գրանցվել է 102 պատգամավոր։ Նիստին բացակա են 3 ԱԺ անդամ: 105 պատգամավորից 55 կողմ քվեարկելու դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է ընտրվել ՀՀ վարչապետ: Մայիսի լույս 1-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կարող է փորձել տապալել վարչապետի ընտրությունները։
Աղունիկ Այվազյան