Այսօր սկսվում է Վրաստանի հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների համընդհանուր առցանց-գրանցումը:
Պրոցեսն իրականացվում է երեք փուլով:
Առաջին փուլը` ապրիլի 10-ից ապրիլի 27-ն է. գրանցում են այն երեխաներին, ում ծնողներն աշխատում են դպրոցներում, ում եղբայրները կամ քույրերն արդեն սովորում են որևէ դպրոցում և նրանց, ովքեր ընտանիքից երկու կամ ավելի երեխաների են ուղարկում առաջին դասարան:
Այս երեխաների ծնողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ապրիլի 30-ից մինչ մայիսի 7-ը ընտրված դպրոց ընդունվելու համար:
Երկրորդ փուլը` մայիսի 8-ից հունիսի 8-ն է. սա համընդհանուր առցանց գրանցում է այն երեխաների համար, ովքեր վեց տարեկան են դառնում ուսումնական տարվա սկզբին: Երկրորդ փուլի ընթացքում գրանցված երեխաների համար պարտադիր փաստաթղթերի ընդունումը կսկսվի հունիսի 11-ին և կտևի մինչ հունիսի 30-ը ներառյալ:
Երկրորդ փուլում գրանցում են այն աշակերտներին, ովքեր չեն կարողացել գրանցվել առաջին փուլում:
Երրորդ փուլը կսկսվի անմիջապես գրանցման երկրորդ փուլի ավարտից հետո: Գրանցումը կանցկացվի ոչ թե առցանց ռեժիմում, այլ հենց այն դպրոցներում, որտեղ կլինեն ազատ տեղեր: Ծնողները իրենց մոտ պետք է ունենան անհրաժեշտ փաստաթղթերը և դրանք դպրոցին տրամադրեն հուլիսի 2-ից մինչ հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում:
Դպրոց պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը՝ դպրոցականի օրինական ներկայացուցչի դիմում (հասցեով և հեռախոսահամարով), ծննդյան վկայականի նոտարով հաստատված պատճեն կամ պետական ծառայությունների կառավարման գործակալությունից կամ նրա տարածքային ստորաբաժանումից ստացված փաստաթուղթ, որը հաստատում է դպրոցականի անձնական համարը: