Հիվանդներից առաջին հերթին ում է անհրաժեշտ շտապ օգնություն, որոշվելու է հատուկ ծրագրի կողմից:
Վրաստանում «շտապ օգնության» բրիգադը հիվանդներին կհասնի նրանց վիճակի ծանրությունից ելնելով, հայտարարել է առողջապահության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ակակի Զոյիձեն:
Վրաստանը ձեռք կբերի հատուկ համակարգչային ծրագիր, որի օգնությամբ կորոշի հիվանդներին շտապ բուժօգնության ցուցաբերման առաջնայնությունը: Դրա համար ամերիկյան ընկերության հետ ընթանում են բանակցություններ:
Ծրագիրը կգործի հետևյալ կերպ. «112» արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի օպերատորը հիվանդի տվյալները կմտցնի հատուկ ծրագրի մեջ, որն էլ կնտրի, թե որ հիվանդին է ավելի անհրաժեշտ շտապ բուժօգնություն:
Ամերիկյան շտապ օգնության ընկերությունների կողմից ստեղծված 700 հազար դոլար արժողությամբ ծրագիրը, մինչ տարվա վերջ ձեռք կբերվի Արտակարգ իրավիճակների «112» կառավարման կենտրոնի և Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից:
«Եթե այսօր գործող համակարգը, չկարողանա պարզել հիվանդի վիճակը, նոր ալգորիթմը հստակ կկարողանա որոշել, թե որ կանչն է հրատապ», – հայտարարել է Զոյիձեն:
Զոյիձեն նշել է, որ միջազգային փորձը հաշվի առնելով անհետաձգելի դեպքերում, շտապօգնությունը պետք է հասնի հիվանդին առավելագույնը ութ րոպում: