Մարտի մեկին, Նինոծմինդայում անցկացվեց դահուկավազքի մրցաշար նվիրված դահուկային սպորտի վարպետ Թադևոս Արզումանյանի հիշատակին: Մրցաշարը երկու տարի անընդմեջ կազմակերպում է Նինոծմինդայի Սպորտ դպրոցի տնօրինությունը:

Նինոծմինդայում անցկացվող դահուկավազքի մրցույթին մասնակցում էին 100-ից ավելի դահուկորդներ: Մրցաշարին մասնակցում էին ոչ միայն Նինոծմինդայի դահուկորդները, այլև Վրաստանի այլ շրջանների և հարևան Հայաստանի մարզիկները:

Գարնան առաջին օրը կայացած դահուկավազքի մրցաշարի կազմակերպիչ, Նինոծմինդայի Սպորտ դպրոցի տնօրենի ակնկալիքները մեծ էին մրցաշարից:

«Հույսերը, ակնկալիքները շատ մեծ են, այսքանով մենք չենք բավարարվելու, շարունակելու ենք ավելին անել, որ այս սպորտաձևը մեզանում զարգանա ու ավելի լայն մասսայականություն ձեռք բերի երիտասարդության շրջանում», – ասաց Անդրանիկ Ղարսլյանը:

Մրցույթի ավարտին մասնակիցներն ու լավագույն դահուկավազորդները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով ու գավաթներով: Յուրաքանչյուր մասնակից 1 կմ 800 մ երկարությամբ վազքուղին պետք է հաղթահարեր ամենակարճ ժամանակահատվածում, որպեսզի արժանանար լավագույնի կոչմանը:

1991-2000 թվականներին ծնված տղաների շրջանում առաջին պատվավոր տեղը գրավեց Մյասնիկ Ղարիբյանը, 2-րդ տեղ՝ Արտյուշ Մկրտչյանը, 3-րդ տեղ՝ Անդրանիկ Սարգսյանը:

Իսկ աղջիկների շրջանում առաջին տեղն զբաղեցրեց Աննա Ռաշոյանը, 2-րդ տեղ՝ Աննա Մխիթարյանը և 3-րդ տեղ՝ Մանե Մելքոնյանը:

2001-2003 թվականներին ծնվածների շրջանում առաջին տեղ գրավեց Աղասի Սականյանը, 2-րդ տեղ՝ Երվանդ Մանուկյանը և 3-րդ տեղ՝ Մելիքսեթ Մկրտչյանը:

Տարիքով ամենափոքր դահուկավազորդներից առաջին տեղը զբաղեցրեց Հակոբ Ներսիսյանը, 2-րդ տեղ՝ Հովսեփ Պետրոսյանը, 3-րդ տեղ՝ Նասլեթ Բդոյանը:

Հավելենք, որ դահուկավազքը ձմեռային մարզաձև է, մրցում են հատուկ պատրաստված ձյունե երթուղով, օգտագործում են դահուկներ և դահուկափայտեր: Պաշտոնական մրցումները անցկացվում են 800 մետրից մինչև 50 կիլոմետր: Դահուկավազքը ընդգրկված է Ձմեռային Օլիմպիական խաղերում 1924 թվականից:

Առաջին անգամ դահուկավազքի մրցումներ կայացել են Նորվեգիայում 1767 թվականին: Իսկ 1924 թվականին ստեղծվել է Դահուկային մարզաձևի Միջազգային ֆեդերացիան (FIS):

lijniki1

lijniki2

lijniki3

lijniki4

lijniki5

lijniki6

lijniki7

Աղունիկ Այվազյան