Գերմանիան Վրաստանին 16 մլն 250 հազար դոլարի դրամաշնորհ է տրամադրել գերմանական պետական ​​զարգացման KfW բանկի միջոցով պահպանվող տարածքների ստեղծման և զարգացման համար։ Դրամաշնորհը նախատեսված է առաջիկա վեց տարիների համար, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Գերմանիայի կողմից հատկացված միջոցները կնպաստեն արգելոցների վարչակազմերի աշխատանքի և անձնակազմի հմտությունների բարելավմանը, ինչպես նաև կզարգացնեն էկոտուրիզմը։ Գերմանական բանկի կողմից ֆինանսավորվող նախագիծը կոչվում է «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում – Վրաստան»:

Շրջակա միջավայրի նախարար Օթար Շամուգիան ասել է, որ կառավարությունը նախատեսում է ստեղծել նոր պահպանվող տարածքներ, իսկ գոյություն ունեցողներն մեծացնել 100 հազար հեկտարով:

Շամուգիան նշել է, որ մինչ օրս հանրապետությունում պահպանվող տարածքների տարածությունն արդեն ընդլայնվել է մոտ 300 հազար հեկտարով։

Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են Վրաստանի Պահպանվող տարածքների գործակալության ղեկավար Դավիթ Իոսեբաշվիլին և Վրաստանում KfW-ի բնապահպանական պորտֆելի մենեջեր Ֆրենկ Մյորշելը։

2020 թվականին Գերմանիայի և Վրաստանի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ KfW-ն կաջակցի Վրաստանին բնապահպանական և էներգետիկ ոլորտների, քաղաքային և մունիցիպալ ենթակառուցվածքների զարգացման ու հարկադրաբար տեղահանվածների կենսապայմանների բարելավման գործում:

Մեկ տարի առաջ՝ 2021 թվականի հունիսին, KfW-ն 24 միլիոն եվրո դրամաշնորհ է տրամադրել Պահպանվող տարածքների գործակալությանը և Աջարիայի անտառտնտեսության գործակալությանը։

Գերմանական բանկը, որը գործում է Վրաստանում 1993 թվականից, աջակցում է էներգետիկայի ոլորտում իրականացվող նախագծերին, նպաստում է քաղաքային կայուն զարգացմանը, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պաշտպանությանը և մասնագիտական ​​ուսուցման զարգացմանը։