Գումբուրդո գյուղի բնակչությունը նամակ-պահանջով դիմում է Վրաստանի և Հայաստանի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, որպեսզի թույլատրեն իրենց նախնիների ոսկորները վերաթաղեն հենց եկեղեցու բակում և գերեզմանի վրա խաչքար կանգնեցնեն:

Գումբուրդոյի X դարի եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքում եկեղեցու տարածքից դուրս են գալիս մարդկային ոսկորներ: Բանն այն է, որ հնում հայ եկեղեցականներին հուղարկավորում էին հենց եկեղեցիների բակերում: Ըստ Գումբուրդո գյուղի բնակիչներին, իրենց գյուղի եկեղեցու բակում 7 հոգևորական է թաղված, ինչպես նաև գյուղացիները սովորություն են ունեցել մահացած փոքր երեխաներին և չկնքվածներին թաղել այնտեղ: Մեկ տարի առաջ սկսված եկեղեցու վերականգնման աշխատանքների և պեղումների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ մարդկային ոսկորներ:

gumburdo1

Գումբուրդոյի բնակիչները վրդովված են և պայքարելու են մինչև վերջ, մինչև հասնեն իրենց նպատակին: Նրանք նամակներ են ուղարկել մի շարք պետական ու միջազգային կառույցների: Վրաստանի վարչապետ՝ Գեորգի Կվիրիկաշվիլիին, Վարստանի նախագահ՝ Գեորգի Մարգվելաշվիլիին, Հայաստանի նախագահ՝ Սերժ Սարգսյանին, Հայաստանի վարչապետ՝ Կարեն Կարապետյանին, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությանը, Յունեսկոյին, Վրաստանի կաթողիկոս Իլյա II-ին, Հայաստանի կաթողիկոս Գարեգին II-ին և լրատվամիջոցներին:

«2016 թ.-ից տաճարը վերականգնվում է Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության կողմից, որպես մշակութային հուշարձան, բայց ոչ որպես գործող տաճար: Այդ իսկ պատճառով հենց սկզբից մեր մոտեցումը դրական էր: Բայց նրանից հետո, երբ գյուղ են եկել անհասկանալի մարդիկ և Վրաց եկեղեցու ներկայացուցիչները, որ վրացական կողմը օբյկտիվ չէ, մենք դրանում համոզվեցինք: Անչափահաս գյուղացիների ձեռքով, ովքեր վատ փող չեն աշխատել, պեղումներ են կատարել տաճարի բակում և ոսկորները անտեր թողել: Այսպիսով, նախօրոք իմանալով, որ վանդալիզմ է և իրենք պատասխանատվություն են կրելու, մեղքը գցել են անչափահասների վրա», – ասված է նամակ-պահանջի մեջ, որի տակ ստորագրել են Գումբուրդո գյուղի 500-ից ավելի բնակիչներ:

Գյուղի բնակիչները 2016 թվականի աշնանը ոսկորները հավաքել ու վերաթաղել են: Սակայն սրանով խնդիրը լուծում չի ստացել, քանի որ մինչև հիմա էլ եկեղեցու բակում յուրաքանչյուր քայլափոխի ոսկորներ են: Գյուղացիները նշում են, որ այս ընթացքում 43 պարկ ոսկոր են հավաքել և վերաթաղել:

«Մեր հանգուցյալների ոսկորները հանել են, ասում են տարեք, ուր կուզեք: Մենք պայքարում ենք, որ մեր հանգուցյալների ոսկորները տեղում մնան և թույլ տան խաչքար կանգնեցնել նրանց հավաքական գերեզմանի վրա: Ամեն քայլափոխի ոսկոր է, իմ, մյուսի կամ քո նախնիներն են թաղված, վերջապես մեռելները պիտի հանգիստ գտնեն: Շատ անգամ մեր մեծերից իմացել եմ, որ եկեղեցու բակը մեր գերեզամոցն է եղել: Այսօրվա նման հիշողության մեջ է, 8-9 տարեկան երեխա էի, խաղում էի եկեղեցու բակում: Հիշում եմ վերջին անգամ թաղեցին Ներսես Հարությունյանի երեխային, տեղն էլ կարող եմ ցույց տալ: Մոտավոր 35-40 տարի առաջ էր դա», – ասաց Գումբուրդո գյուղի բնակիչ Ֆելիքս Համազարյան, ով իր ստորագրությունն է դրել նապակ-պահանջի տակ:

Gumburdo

«Մենք պահանջում ենք, արդյունքը ինչպիսին կլինի չգիտենք, սպասենք տեսնենք, հետո կորոշենք ինչ անել: Մենք մինչև վերջ գնալու ենք, պետությանը հակառակ ոչ մի բան չունենք, մենք պարզապես ուզում ենք մեր նախնիների գերեզմանի վրա խաչքար կանգնեցնել, ուրիշ ոչինչ: Ու՞մ է խանգարում խաչքարը», – ասաց Գումբուրդո գյուղի բնակիչ Տիգրան Մաթևոսյանը:

Գյուղացիները նամակին կից ներկայացրել են նաև ֆոտո և վիդեո նյութեր, 500-ից ավելի բնակիչների ստորագրություն և Տաճարում ծառայություն իրականացրած հոգևորականների ցուցակը, այն ժամանակ, երբ տաճարը պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն:

namak

namaki sharunakutyun

Jnews-ը հետևողական և պարբերաբար ընթերցողի ուշադրությանը կներկայացնի իրադարձությունների զարգացման ամբողջ ընթացքը:

Աղունիկ Այվազյան