Ախալքալաքի շրջանից վրացական բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող դիմորդների թիվը կրկնապատկվել է: Այսօր դիմորդները քննություն են հանձնում, որպեսզի վրացական բուհ ընդունվեն 1+4 արտոնյալ ծրագրի շրջանակներում:
Հուլիսի 6-ին, առավոտյան ժամը 9-ից մինչև 12-ն ընկած ժամանակահատվածում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Վրաստանի քննական կենտրոններում ընդունելության քննություն են հանձնում իրենց մայրենի լեզվով՝ ընդհանուր ունակություններ և մաթեմատիկա առարկաներից: Քննություններն ընթանում են կենտրոնացված համակարգով, իսկ արդյունքները պարզ կլինեն 20 օրից: Քննություններին մասնակցած դիմորդների հեռախոսներին հաղորդագրություն կուղարկվի հավաքած միավորների մասին:
2016-2017 ուսումնական տարում Ախալքալաքի շրջանի 67 դպրոցներից դպրոցին հրաժեշտ տվեցին 827 շրջանավարտ, որոնցից 447 գրանցվել է, որպես դիմորդ վրացական բուհեր ընդունվելու նպատակով: Դիմորդները հնարավորություն ունեն միանգամից մի քանի բուհ նշելու իրենց հայցադիմումի մեջ, որը լրացուցիչ հնարավորություններ կընձեռնի: Այսինքն, եթե դիմորդը չի հաղթահարել և համապատասխան միավորներ չի հավաքել x բուհ ընդունվելոու համար, ապա ավտոմատ y բուհ ընդունեվելու հնարավորություն կունենա, քանի որ հենց սկզբից նշել է տարբեր բուհեր և հավաքած միավորները թույլ են տալիս կրթությունը շարունակելու y բուհում:
Տարեցտարի ավելանում է վրացական բուհեր դիմոդների քանակը: Համեմատության համար նշենք, որ անցած տարի Ախալքալաքի շրջանից Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալու համար գրանցվել էին 202, իսկ այս տարի՝ 447 դիմորդ:
1+4 ծրագիրը մեկնարկել է 2010-2011 ուսումնական տարում: «Հանրակրթության մասին» օրենքում, մասնավորապես սույն օրենքի 473-րդ հոդվածում գրված են լեզուները, որով կարող են ընդհանուր հմտությունների քննություն հանձնել` ադրբեջաներեն, հայերեն, աբխազերեն և օսերեն:
Այս ծրագրով դիմորդները հանձնելով միայն մեկ` ընդհանուր հմտություններից քննություն ազգային փոքրամասնությունների, այսինքն՝ իրենց մայրենի լեզվով, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություն վրացերենի ինտենսիվ նախապատրաստական կուրս: Մեկ տարվա լեզվի վերապատրաստման կուրսն անցնելուց հետո և 60 կրեդիտ հավաքելով, ուսանողներն իրենց կրթությունը կշարունակեն արդեն բակալավրիատում:
Ծրագրի արդյունավետությունը ցույց է տալիս ուսանողների ամեն տարի աճող թիվը, ովքեր դիմում են սույն ծրագրով:
Այսպիսով, Միասնական ազգային քննություններին 2010 թ․-ին՝ հիմք ընդունելով հայալեզու թեստերի արդյունքները, Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու իրավունք ստացել է 123 դիմորդ:
Պետական կրթական դրամաշնորհի ֆինանսավորում ստացել է 112 դիմորդ: 2011թ.-ին – 179 դիմորդ: Պետական դրամաշնորհ այդ 179-ից ստացել է 99 դիմորդ:
2012 թ.-ին հայ դիմորդների քանակը 200-ն էր, իսկ ֆինանսավորում ստացել են նրանցից 98-ը:
2013 թ.-ին հայ դիմորդները 186-ն էին, նրանց թվում 91-ը ստացել է դրամաշնորհ, որը փակում էր նրանց կրթությունը բուհերում:
2014 թ.-ին ուսանողների թիվը ավելացել է 217-ով, իսկ դրամաշնորհ ստացել են նրանցից 89-ը:
2015 թ.-ին դիմորդների քանակը 219-ն էր, իսկ պետական դրամաշնորհներ ստացել է 92-ը:
2016 թ.-ին հայ դիմորդների քանակ արդեն կազմում է 300 մարդ, որոնցից պետական դրամաշնորհ ստացել է 95 հոգի:
Իսկ այս տարի միայն Ախալքալաքի շրջանից դիմորդների թիվը կազմում է 447:
Իսկ թե քանի շրջանավարտ է դիմել հայաստանյան բուհերում բարձրագույն կրթություն ստանալու համար հայտնի չէ:
Աղունիկ Այվազյան