Տնտեսություն 13 Հունիսի, 2017 • Կթանկանա արդյոք գազը Ախալքալաքում

Ախալքալաքում, ինչպես նաև ողջ Վրաստանում կթանկանա արդյոք բնական գազը, դեռ անորոշ է, հարցի պատասխանը պարզ կլինի այս տարվա հուլիսին, երբ Ազգային կարգավորող հանձնաժողովը որոշում կկայացնի գազի վերջնական սակագնի հետ կապված:

Ախալքալաքում ամեն ամիս սպասում են, որ գազի կտրոնները կգան նոր բարձրացված սակագնով: Մինչդեռ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն գազի սակագնի բարձրացումը չի բացառում:

«Ինչ վերաբերում է սպասելիքներին, կսպասենք: Չի բացառվում, որ բնական գազի սակագնի գինը կբարձրանա: Ինչպես և որքանով, դրա վրա աշխատում է Կարգավորող հանձնաժողովը: Գուցե թանկացում չլինի: Այդ իսկ պատճառով, սպասենք արդյունքներին», — ասել է նախարարը:

Վրաստանի ջրամատակարարման և էներգետիկայի Ազգային կարգավորող հանձնաժողովը 2017թ.-ի մարտին սկսել է գազի սակագների վերանայումը: Վերջնական որոշումն այն մասին, կփոխվի արդյոք այն, կկայացվի այս տարվա հուլիս ամսին:

«Մենք չունենք փաստեր, նման խոսակցություններ լսել եմ: Ավելի կոնկրետ մենք կիմանանք հուլիսի մեկից: Մինչ հուլիս կլինի հին գինը, սակայն հուլիսին սպասվում է թանկացում», — Jnews-ին տված հարցազրույցում ասաց “SJGC” գազաբաշխիչ ընկերության տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը:

2005թ.-ից, գազի գները Վրաստանում չեն վերանայվել, իսկ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացել են 2015թ.-ի սեպտեմբերին: Ինչպես հայտնում է “SJGC” գազաբաշխիչ ընկերությունը, ներկա պահին սակագների հետ կապված ընթանում են բանակցություններ Վրաստանի և Ադրբեջանի «Սոկար» նավթային ընկերության միջև:

Ազգային արժույթի կտրուկ անկման պատճառով այպ երկրներում, որտեղի ընկերություններից Վրաստանը ստանում է գազ և էլեկտրաէներգիա, Վրաստանի կառավարությունից պահանջում են փոխհատուցել ներդրումների կորուստները, գազի և էներգամատակարարման ցանցի ներդրումների կորուստները:

Ներկա պահին, բնական գազի սակագինը Թբիլիսիում կազմում է մոտ 0.46 լարի, իսկ տարածաշրջաններում 0.40-ից 0.50 լարի` 1 խորանարդ\մ-ի համար: Բարձրլեռնային Ախալքալաքում, որտեղ մինչ օրս, ոմանք ստիպված են միացնել ջեռուցում, մեկ խորանարդ\մ բնական գազի գինը ամենաբարձրերից մեկն է` 0.482 թեթրի:

Քրիստինե Մարաբյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝