Բորժոմի շրջանի Տաբածղուրի գյուղում բնակիչներին անհանգստացնող առաջնային խնդիրը մինչև 40 տարեկան բնակիչների կույր աղիքային ցավերն են, որոնք վերջանում են վիրահատությամբ։ Վերջին վեց ամիսների ընթացքում կույր աղիքի վիրահատության մոտ 30 դեպք է գրանցվել։
Մարետա Մարտիրոսյանը 3 երեխայի մայր է, նրա բոլոր 3 երեխաներն էլ վիրահատվել են:
«Օգոստոսին, հունվարին և վերջի երեխայիս վիրահատել են մեկ շաբաթ առաջ։ Մոտավորապես 10 օր առաջ բողոքեց, որ կողքը ցավում է, հետո, արդեն երրորդ երեխան էր և գիտեինք, որ վերջը վիրահատություն է: Երեխաներս 14, 11 և 10 տարեկան են, մեծերն աղջիկներ են, իսկ փոքրը տղա։ Վիրահատությունից հետո երկու շաբաթ դասերց բացակայում էին: Ախր չեմ հասկանում, թե ինչից է», – մեզ հետ զրույցում ասաց 35 տարեկան Մարետա Մարտիրոսյանը։
Գյուղացիները, ովքեր դեռևս չեն հանդիպել կույր աղիքային խնդրին, ինքնուրույն քայլեր են ձեռնարկում երեխաներին դրանից պաշտպանելու ուղղությամբ։
«Մեծերն էլ փոքրերն էլ ունեն այդ խնդիրը, դեռ ոչ մի բան չեն արել, մի անգամ եկան ջրի մեջ քլոր լցրին ու հետո ոչ մի բան չարեցին։ Մենք ջուրը եռացնում, հետո ենք տալիս երեխային, ինչ ուզում է լինի վախենում ենք, չնայած չգիտենք պատճառը, բայց անվտանգության կանոններ ենք սահմանել», – մեզ հետ զրույցում ասաց Տաբածղուրի գյուղի բնակիչ Էմման։
Ջրի բաղադրության ուսումնասիրության վերաբերյալ խոսեցինք նաև գյուղի խմելու ջրի հսկողության պատասխանատու անձի՝ Գրիշա Իրիցյանի հետ։
«Եկել են խողովակները նորոգել, ջրի մեջ էլ քլոր են լցրել, բայց դա հերթական ստուգում էր կույրաղիքային ցավի հետ կապ չունեցող», – ասաց Գրիշա Իրիցյանը։
Բնակիչները բացատրություններ չգտնելով կույր աղիքի մասսայական վիրահատություննրին, հնարավոր պատճառ են համարում օդն ու ջուրը:
«Մոտավորապես 12 օր առաջ եմ վիրահատվել, ինձանից հետո արդեն 15 հոգի մինչև 40 տարեկան գնացել են վիրահատման։ Տուն կա, որ տնից 3 հոգի կույր աղիքի վիրահատություն են տարել, ոչ մի պատճառ չեն ասում, մենք էլ ենթադրություններ ենք անում ու կասկածում՝ ջրին ու օդին։ Թե մեկ կամ երկու դեպք գրանցվեր, կամ անգամ տասը դեպք, գուցե պատահականություն լիներ, բայց այսքան շատ դեպք կարճ ժամանակահատվածում անհանգստանալու տեղիք է տալիս», – ասաց Տաբածղուրի գյուղի բնակիչ Նաիրի Մարտիրոսյանը։
Գյուղացիները որպես առաջին օգնություն դիմում են գյուղի բուժքրոջը, ով նկատելով խնդրի լրջությունը, խորհրդակցելով վիրաբույժների հետ, ուղարկում է Բորժոմ։
«Բժիշկները կույր աղիքի վիրահատությունից հետո այն ցույց են տալիս, իրական չափսերից մի քանի անգամ մեծացած է լինում ու բորբոքված։ Մասնագետներն ասում են, որ ոչ մի այլ խնդիր չկա և այն աշխատանքը, որ իրենցից է պահանջվում կատարել են ամբողջությամբ, եթե ինչ-որ մեկը գտնում է, որ սխալմունք կարող է լինել, խնդիր չկա կարող են դիմել համապատասխան մարդկանց և ստուգում անցկացնեն։ Կույր աղիքների հետ կապված ոչ մի վարակային խնդիր գտնված չէ և այդ տարբերակը բացառված է»,- մեզ հետ զրույցում ասաց Տաբածղուրի գյուղի բուժքույր Սուսաննա Հակոբյանը։
Օդը և ջուրը որպես կույր աղիքի բորբոքման պատճառ բացառում է նաև Տաբածղուրի գյուղի տարածքային բժիշկը:
«Մենք նույնպես շատ անհանգստացանք երբ նկատեցինք, որ կույր աղիքի բողոքով հիվանդների քանակը սովորականից ավելի շատ է, և տագնապ բարձրացրեցինք, ուսումնասիրություններ անցկացրեցինք։ Մասնագետները կատարեցին ջրի ստուգում, որի արդյունքում օդի բաղադրության մոլեկուլյար պարունակության մեջ ոչ մի վիրուս կամ վարակի աղբյուր չհայտնաբերվեց։ Ստուգել են նաև սննդի բաղադրությունը, և այս ամենը ինչ-որ անհասկանալի պատճառ ունի, որը մենք դեռ չգիտենք։ Այս ամենը մեկ կամ երկու ամսվա պատմություն չէ, մոտավորոպես վեց ամիս է, ինչ խնդիրը գոյություն ունի, սակայն հիմա կարելի է ասել նահանջել է, որովհետև այս պահին կույրաղիքի ցավից բողոքող բնակիչ չկա», – մեզ հետ զրույցում ասաց տարծքային բժիշկ Լիլիա Սամսոնիձեն։
Չնայած բժիշկների հերքմանը, գյուղացիները շարունակում են ապրել վախի ու կասկածի մեջ, քանի դեռ իրենց հուզող հարցերը հստակ պատասխան չեն ստացել։
Ջուլիետա Տոնականյան