Այսօր Վրաստանի ԿԳ նախարար Ալեքսանդր Ջեջելավան Երևանում հայտարարել է, որ երկկողմանի խնդիրներից առաջնային ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումն ու հայոց լեզվի դասավանդման ծրագիրը:
Վրաստանի Կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան Հայաստանի Կրթության և գիտության նախարարի հետ հանդիպման ժամանակ, կարևորելով երկկողմանի հարաբերությունների զարգացումը, հայտարարել է.
«Իմ աշխատանքային առաջին այցերից մեկը հենց եղել է Ախալքալաք, հայ մանկավարժների հետ հանդիպումը: Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ մեր երկու երկրների համագործակցությունը լավագույն մակարդակում է վերջին տասնամյակում, իսկ այս պահին, կարծում եմ, այն ամենաբարձրն է: Մենք ունենք ընդանուր խնդիրներ, նպատակներ և մոտեցումներ, որի արդյունքում մի շարք հստակ քայլեր են ձեռնարկվելու տարբեր ուղղություններով մոտակա մի քանի ամսում: Առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը և հայոց լեզվի դասավանդման ծրագիրը: Հետևաբար մեր առաջին երկկողմանի համագործակցությունը հենց այս ուղղությամբ է լինելու»:
Նախարարը նաև անդրադարձել է ուսուցիչների վերապատրաստման կարևորությանը:
«Այստեղ շատ կարևոր է երիտասարդ ուսուցիչների վերապատրաստումը, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն նորովի մտնել դպրոցներ և կատարել մեծ փոփոխություններ: Մենք նախատեսում ենք որոշակի համատեղ գործընթացներ նաև բարձրագույն կրթության ոլորտում և հավատում ենք, որ կկարողանանք այդ ամենն իրականացնել միջազգային մակարդակով»,-նշել է վրաց նախարարը՝ ընդգծելով, որ ձևավորվող աշխատանքային խմբերի գործունեության առաջին արդյունքը մինչև տարեվերջ տեսանելի կլինի:
«Երկու հարևան երկրները դարեր շարունակ թե պատմական զարգացումների առումով, թե կրթության և գիտության ոլորտներում ունեցել են համընդհանուր նպատակներ, որը պետք է շարունակական լինի և լավագույնս ներկայացվի միջազգային ատյաններին»,- նշել է Վրաստանի ԿԳ նախարարը: