Ախալքալաքի բնակիչներին, որպես բարձրլեռնային շրջանի բնակիչ հասնում է արտոնություն` էլեկտրաէներգիայի սուբսիդիայի տեսքով: Ոմանք վերջին ամսին օգտվեցին այդ նպաստից, բայց շատերը, նույնիսկ որոշ փոփոխություններ անելուց, փաստաթղթերը ճշտելուց հետո, կրկին սուբսիդա չստացան:
Էլեկտրաէներգիայի նպաստը պետական սուբսիդիայի տեսքով բարձրլեռնային շրջանների բնակիչների համար ուժի մեջ է մտել երեք ամիս առաջ, 2017 թ.-ի հունվարի 1-ին: Սակայն, սուբսիդիայով հաշվարկեցին 2017թ.-ի փետրվարից: Երբ որոշ բաժանորդներ էլեկտրաէներգիայի վճարման անդորրագիր ստացան սուբսիդիայի հաշվառմամբ, շատերն անհանգստացան, թե ինչու նրանց էլեկտրոէներգիան չեն հաշվել սուբսիդիայով:
Պարզվեց, որ նույնիսկ եթե մարդն ունի բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ, բայց եթե «Էներգո Պրո Ջորջիայի» բաժանորդների բազայում առնվազն մեկ թիվ, կամ տառ չի համընկնում բնակչի տվյալների հետ, սուբսիդան չի փոխանցվում:
Մարդիկ տեղեկատվության և ճշգրտումների համար սկսեցին դիմել «Էներգո Պրո Ջորջիայի» Ախալքալաքի մասնաճյուղ: Արդեն մեկ ամիս է ընկերության գրասենյակում մեծ հերթեր են: Շատերը սխալներն ու անճշտությունները ճշգրտելուց հետո հույս ունեին, որ այս ամսվա անդորրագիրը կստանան սուբսիդիայով: Սակայն անդորրագրերը կրկին եկան առանց սուբսիդիայի: Մարդիկ ստիպված կրկին հերթ են կանգնում բացատրությունների համար, սակայն աշխատակիցները չգիտեն, ինչ պատասխանեն: Ստուգում են տվյալները, համոզվում, որ դրանք ճիշտ է և խորհուրդ են տալիս բաժանորդներին սպասել, մինչ հաջորդ ամիս: Կստանան արդյոք այս մարդիկ սուբսիդիա հաջորդ ամսվա մեջ նրանք չեն խոստանում, քանի որ, ըստ նրանց, նրանք իրենց աշխատանքը արդեն արել են:
Մի բաժանորդ Ախալքալաքից եկել էր իմանալու, թե ինչն է պատճառը, որ անվան սխալը ուղղելուց հետո կրկին սուբսիդիա չստացավ: Մյուս բաժանորդը Գոման գյուղից բողոքում է, որ մեկ ամիս է ինչ նա գալիս է այստեղ և միայն հիմա են հայտնաբերել են, որ պարզապես շփոթել են իր անձնական համարը իրենց գյուղացի իր անվանակցի անձնական համարի հետ: Մյուսի մոտ ամենը ինչ կարգին է, բայց ինչ-ինչ պատճառներով անդորրագիրը կրկին առանց սուբսիդիայի է եկել: Նման դեպքերը շատ են:
Jnews.ge-ն իրավիճակի պարզաբանման համար դիմեց «Էներգո Պրո Ջորջիայի» մամլո ծառայություն:
Այնտեղ մեզ պատասխանեցին, որ թե ով կստանա սուբսիդիա որոշում է Սոցիալական գործակալությունը, իրենք չեն կարող մտնել բազա:
«Բոլոր տվյալները, որ մենք ստացել ենք նախորդ ամսվա սկզբին, վերամշակվում և փոխանցվում են երկրորդ ամսվա սկզբին, այս դեպքում, ապրիլի սկզբին: Օրերս մենք կուղարկենք ցուցակները Սոցիալական գործակալություն վերստուգման համար: Որից հետո, նրանք ետ կուղարկեն ցուցակները », – ասացին «Էներգո Պրո Ջորջիայի» մամլո ծառայությունից:
Մենք նաև իմացանք, որ Էներգոմատակարարման ընկերությունը Սոցիալական գործակալությունից ստացել է ընդամենը մեկ ցուցակ փետրվարին, որից հետո ոչ մի ցուցակ չեն ստացել:
Հիշեցնենք, որ 2016 -թ. օգոստոսի 25-ին կառավարության № 418 որոշման համաձայն 2017 թվականի հունվարից բարձրլեռնային շրջանների բնակիչները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, պետք է օգտվեն էլեկտրաէներգիայի սուբսիդիայից: Սուբսիդավորվում է օգտագործված էլեկտրաէներգիայի 50% -ը, բայց ոչ ավելին, քան 100 կվտ \ժ: Այսինքն մինչ 200 կվտ \ ժ էլեկտրաէներգիայի օգտագործման դեպքում ծածկվում է օգտագործվածի 50% -ը, իսկ 200 կվ \ ժ-ից ավելին լինելու դեպքում 100 կվ \ ժ, ընդ որում 100 կվտ \ ժ սուբսիդիան հաշվվում է նույն սակագնով, որով հաշվվում է բաժանորդի ընդհանուր սպառումը:
Շուշան Շիրինյան