Փետրվարի 25-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սպորտի դպրոցում կայացավ սեղանի թենիսի թիմային մրցաշար, որին մասնակցում էին 8 թիմեր: Թեժ մրցապայքարի արդյունքում հաղթանակեց Արագվա գյուղի թիմը:
Դպրոցական մարզական օլիմպիադայի շրջանակներում սեղանի թենիսի մրցաշարն Ախալքալաքում երկրորդ անգամ անցկացվեց:
«Այսօրինակ մրցաշար մեր քաղաքում երկրորդ անգամ է անցկացվում: Մեր երեխաները բազմաթիվ հաղթանակներ են տոնել: Անցյալ տարի շրջանային խաղի հաղթողներին՝ մեր քաղաքի ռուսաց դպրոցի թենիսի թիմին ուղարկեցին Անակլիա: Այս տարի նրանք չկարողացան ձեռք բերել այդ հնարավորությունը»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի Վարչության սպորտի բաժնի տնօրեն Ակակի Մելիքիձեն:
Սեղանի թենիսի մրցաշարին կարող էին մասնակցել 2000-2002 թվականին ծնված պատանիներն և աղջիկները: Մրցակցում էին Ախալքալաքի թիվ 1, թիվ 2, թիվ 5, Արագվա և Վաչիան գյուղերի դպրոցների թիմերը: Մրցաշարն անցավ լարված, քանզի բոլորն էին ձգտում հաղթանակի:
Մարիամ Ռաիսյանը Արագվա գյուղի թենիսի խմբի անդամ է: Նա տպավորված է իրենց թիմի խաղով:
«Մենք, բոլորս շատ ուրախ ենք հաղթանակի համար: Արդեն երկրորդ անգամն է ինչ թիմային ձեռքբերումներ ենք ունենում: Շատ եմ սիրում այս մարզաձևը: Ավելի մեծ բարձրունքների հասնելու համար պայքարելու ենք մինչև վերջ»,- ասաց հաղթանակած խմբի անդամ Մարիամը:
Արագվայի սեղանի թենիսի թիմի տղաները արդեն 5 տարի է մարզվում են:
«Այս մրցումից հետո պատրաստվում ենք մեկնել տարածաշրջանային մրցմանը և հույս ունենք, որ կվերադառնանք հաղթանակով: Ձեռքբերումներն այնքան շատ են, որ չեմ կարող նշել, թե որն է դրանցից ամենամեծը», – ասաց Արագվա գյուղի սեղանի թենիսի թիմակից Հովհաննես Թութունջյանը:
Կարինե Նահատակյան