Ախալքալաքի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Մշակույթի տան, մասնավորապես, ճեմասրահի և գրադարանի վերանորոգման աշխատանքների համար։ Առաջին հարկում կավելացվեն լրացուցիչ սենյակներ, երկրորդ հարկում կբարեկարգվի փոքր համերգասրահը և շատ ավելին, սակայն վերականգնումն, այնուամենայնիվ, մասնակի է լինելու։

Ակումբների միավորման առաջին հարկի վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 209 950 լարի (ներառյալ ԱԱՀ), իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետի գրադարանային միավորման երկրորդ և երրորդ հարկերի վերանորոգման աշխատանքների համար՝ 354 084 լարի (ներառյալ ԱԱՀ): Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 11-ն է։ Սպասվում է, որ վերանորոգման աշխատանքները կսկսվեն ապրիլին։

Անցած տարվանից հայտնի էր, որ Մշակույթի տունը մասնակի վերանորոգվելու է։ Այս մասին Jnews-ի հետ զրույցում ասել էր Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։

Առաջին հարկում կավելացվեն գրասենյակներ։ Անցյալ տարի քննարկվում էր տարածքը ըմբշամարտի դահլիճի վերածելու մասին։ Երկրորդ հարկում, որտեղ ներկայումս գտնվում են գրադարանի գրքերը, նախատեսվում է տարածք ազատել և դարձնել որպես փոքրիկ համերգասրահ։ Գրքերը կտեղափոխվեն Գրադարանային միավորման այլ սենյակներ, որոնք նույնպես կվերանորոգվեն։

Մշակույթի տունը կառուցումից ի վեր չի վերանորոգվել և գտնվում է անմխիթար վիճակում։ Կոտրված հատակ, հին պատուհաններ, որոնցից քամի է փչում, սառը սենյակներ և միջանցքներ՝ այսպիսին է Մշակույթի տան ներկայիս պատկերը։

Ախալքալաքի միակ մշակութային շենքի՝ Մշակույթի տան ամբողջական վերականգնումը ծրագրվել էր դեռ 2016 թվականին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ մունիցիպալիտետի կողմից ստացված միջոցների հաշվին՝ հողօգտագործման հարկերի տեսքով։ Այդ ժամանակ մունիցիպալիտետին փոխանցվել է 5 966 000 լարի։ Սկզբնապես վերանորոգման համար հատկացվել էր 1 մլն 300 հազար լարի, սակայն վերանորոգումը չէր իրականացվել։

Սակայն հետագայում Ախալքալաքի մունիցիպալիտետի 2017 թվականի բյուջեով Մշակույթի տան վերանորոգման համար հատկացվել էր 480 հազար լարի։ Ինչպես այն ժամանակ պարզաբանել էր Ախալքալաքի մունիցիպալիտետի գամգեոբան, ի սկզբանե նախատեսված 1,300,000 լարի գումարը կրճատվել էր հարկային եկամուտների ոչ ճիշտ փոխանցման պատճառով։ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետների հարկը փոխանցվել էր Ախալքալաքի մունիցիպալիտետի հաշվեհամարին։ Ախալքալաքի մունիցիպալիտետը ստիպված էր վերադարձնել, ավելի ճիշտ՝ մոտ 860 հազար լարի փոխանցել Նինոծմինդայի մունիցիպալիտետին, ինչի արդյունքում վերահաշվարկ էր կատարվել այն նախագծերի առնչությամբ, որոնց համար հատկացվել էր գրեթե 6 մլն լարի։

Հետագայում բյուջեի փոփոխությունների արդյունքում Մշակույթի տան վերանորոգման համար հատկացված նույնիսկ այս 480 հազար լարին վերաբաշխվեց այլ կարիքների համար։ Արդյունքում Մշակույթի տան վրա ծախսվել է ընդամենը 190 հազար լարի, որն առանձին հատկացվել էր ջեռուցման համակարգի տեղադրման համար։ Սակայն ջեռուցման համակարգը միշտ չի աշխատում, քանի որ Մշակույթի տան ողջ շենքի ջեռուցումը չափազանց ծախսատար է։