Այսօր՝ հունվարի 21-ին, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ազգային թատրոնում տեղի ունեցավ ֆրանսահայ, արմատներով Վրաստանից, հռչակավոր երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի մենակատարն էր՝ երգչուհի, երգերի հեղինակ, երաժիշտ, ձայնագրման պրոդյուսեր Արփի Ալտոն (Արփինե Տեր Պետրոսյանը): Համերգը կազմակերպել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն դեսպանների ավելի քան 80 անդամ ունեցող խմբի աջակցությամբ ևս։
Միջոցառումը նպատակ ուներ ոչ միայն հիշատակել Ազնավուրի ժառանգությունը, այլև ամրապնդել հայ և վրաց ժողովուրդների մշակութային կապերը։ Վրաստանում հայկական համայնքի և տեղի հասարակության համար այս միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ Ազնավուրն արմատներով նաև Վրաստանից է։
Համերգի ընթացքում հնչեցին Ազնավուրի ամենահայտնի երգերը, ներկաները վերհիշեցին նրա անկրկնելի ձայնը և զգացմունքային կերպարները։ Արփի Ալտոյի կատարումները յուրահատուկ հմայք հաղորդեցին միջոցառմանը, ստեղծելով ջերմ ու անմոռանալի մթնոլորտ։
Հանդիսատեսը մեծ խանդավառությամբ ընդունեց համերգը, իսկ եզրափակչում բուռն ծափահարություններ հնչեցին նաև «Արի իմ սոխակ» երգի համար, որը հուզեց ներկաներին:
Համերգը մեկ անգամ ևս հիշեցրեց Շառլ Ազնավուրի՝ որպես անհատի համամարդկային արժեքի մասին։