Միկոյան փողոցի նրբանցքի բնակիչները բողոքում են, որ իրենց փողոցը չի ասֆալտապատվում։ Քաղաքապետարանից հայտնում են, որ մինչև ջրի խողովակներն ու կոյուղագիծը չփոխեն, ասֆալտապատման մասին խոսք չի կարող գնալ։

Բնակիչների խոսքերով, երկար ժամանակ է խնդիրը արդիական է, բայց մինչև օրս լուծում չի ստացել։

«50 տարուց ավել է այստեղ եմ ապրում նույն վիճակն է՝ սառույց, ցեխ ու ջուր, ինչքան է հնարավոր այսպես ապրել։ Դիմել ենք քաղաքապետարան մեզ պատասխանել են որ Դուք ապրում եք ժայռի վրա և այստեղ աշխատանքներ տանելը անհնարին է։ Մենք պահանջում ենք հանձնաժողով հասկանալու համար, թե ինչում է կայանում խնդիրը, որ մեր փողոցը չեն վերանորոգում», – ասում է Միկոյան փողոցի նրբանցքի բնակիչ Քնարիկ Միքայելյանը։

Միկոյան փողոցի նրբանցքի բնակիչները նույնիսկ ստորագրահավաք են իրականացրել ու դիմել քաղաքապետարան, բայց՝ անարդյունք։

Քաղաքապետարանից բնակիչներին պատասխանել են․ «Երբ լուծվի ջրի հարցը, այդ ժամանակ էլ կասֆալտապատենք փողոցը»։

Mikoyan

Սակայն Միկոյան փողոցի նրբանցքում ոչ ջրի հարցն է լուծվում, ոչ էլ ասֆալտապատման։

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, քաղաքապետարանը պատրաստ է աշխատանքներ իրականացնել, բայց ամեն ինչ իր ժամանակին։

Բնակիչներից Թամարա Ճորուղյանն ասում է՝ իշխանությունները հարցը լուծել են ասֆալտի փոխարեն ավազ փռելով։

«Մեզ քաղաքապետարանից ասացին, որ խնդիրը կոյուղագծերի հետ է կապված, երբ կոյուղագծերը վերանորոգեն իրենք պատրաստ ենք ճանապարհը վերանորոգել։ Ջրի հիմնարկ ևս դիմել ենք, սակայն մինչև օրս սպասում ենք պատասխանի։ Հոգնել ենք այս խնդիրը բարձրացնելուց, և արդեն անիմաստ ենք համարում այս մասին նույնիսկ խոսել», – ասում է Թամարա Ճորուղյանը։

Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների պատասխանատու Արա Մովսիսյանն ասաց․

«Խնդիրը կոյուղագծերի հետ է կապված, երբ կոյուղագծերը վերանորոգեն, մենք պատրաստ ենք ճանապարհն ասֆալտապատել։ Հիմա էլ կարող ենք ասֆալտապատել, բայց հետո կառաջանա ավելի բարդ խնդիր, դրա համար չենք անում»։