Վրաստանի կառավարությունը հավանություն է տվել երկրի արևմտյան շրջաններում գազատարների ուղղակի վաճառքին ադրբեջանական ընկերությանը 19,8 մլն լարիով (7 մլն դոլար): Հրամանն արդեն ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Խոսքը Իմերեթիի, Գուրիայի և Սամեգրելո-Վերին Սվանեթիի շրջանների գյուղերի 41 գազատարների սեփականաշնորհման մասին է։

Գործընթացը նախատեսված է 17 տարվա կտրվածքով։ Պետությանը վճարումները կսկսվեն 2032թ.-ից: Ըստ ժամանակացույցի՝ Socar Gas Georgia-ն 10 տարվա ընթացքում տարեկան կվճարի գրեթե 2-ական մլն լարի։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետության պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) Վրաստանի նավթագազային հատվածում գործում է 2006 թվականից։ SOCAR Gas ընկերությունների խումբը բնական գազ է տրամադրում Վրաստանի ավելի քան 851 հազար բաժանորդների։