Ախալքալաքի հոսպիտալի մենեջերն անհանգստացած է՝ ապագայում հնարավոր է կլինիկայի ծննդաբերական բաժանմունքը փակվի։ Եթե կլինիկան ամսվա կտրվածքով չընդունի համապատասխան քանակի ծնունդ, ապա կառաջանա բաժինը փակելու հարց։
Ալեքսան Թորոյանն ասում է, որ ներկա դրությամբ կլինիկայում կան ծառայություններ, որոնց պահելը դժվարացել է, այդ ծառայություններից մեկը գինեկոլոգիայի բաժանմունքն է։
«Ինչպես գիտեք ծննդաբերական բաժանմունքն աշխատում է առավոտից մինչև երեկո, ամեն օր, շաբաթ-կիրակի։ Հիվանդանոցներ կան, որտեղ հերթապահ մանկաբարձ գինեկոլոգին են կանչում, որ ծնունդ է եկել, իսկ որպես ծառայություն չկա հիվանդանոցում։ Իսկ մեր մոտ կա այդ ծառայությունը, սակայն չգիտեմ ինչու կանայք ծննդաբերելու են գնում Ախալցիխե, կամ այլ քաղաքներ։ Սովորական, առանց բարդությունների ծնունդները նույնպես գնում են։ Հիմա մեծ հարցականի տակ է մնում, արդյո՞ք այդ ծառայությունը մեր հիվանդանոցում մենք կկարողանանք պահել և շարունակել աշխատել։ Իսկ այդ ծառայությունը չունենալը հավասար է հանցագործության մեր հասարակության դեմ», -ասում է Ախալքալաքի հոսպիտալի մենեջերը։
Հարկ է նշել, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ ծնվել է 198 երեխա: Ինչպես հայտնում են հիվանդանոցից, անցած տարվա համեմատ մունիցիպալիտետում ծնելիությունը նվազել է։ 2023 թվականին Ախալքալաքի հիվանդանոցում ընդհանուր ծնվել է 336 երեխա։
Թորոյանն ասում է՝ իրենք պատրաստ են լսել բոլորին ու ցանկացած խնդրի լուծում տալ, հասկանալ թե ինչում է կայանում խնդիրը, որ հղիները նախընտրում են այլ քաղաքներում ծննդաբերել։
«Եթե կան հարցեր, որոնց մասին մենք տեղյակ չենք, պատրաստ ենք լսել բոլորին։ Ցավով եմ նշում, որ դժվար է լինելու գինեկոլոգիայի ծառայությունը պահելը, իսկ դա լուրջ կորուստ կլինի։ Մենք չենք կարող դատարկ հիվանդանոց ու աշխատողներ պահել, առանց որոշակի քանակի ծննդաբերության»։
Jnews-ը խոսել է մի քանի կնոջ, ովքեր ծննդաբերել են ինչպես Ախալքալաքի, այնպես էլ դրսի կլինիկաներում։
«Ես առաջին երեխայիս ծննդաբերել եմ Ախալքալաքի կլինիկայում։ Դժգոհ եմ ծնունդն ընդունող բժշկական անձնակազմի վերաբերմունքից, նրանք շատ կոպիտ էին։ Կոպտում են, ասելով, որ ինչ է չգիտեի թե ինչի եմ գնում, կամ ինչ է ծննդաբերելը, որ ցավին չեմ դիմանում։ Այսինքն՝ այն պահին, երբ կինն ամենաշատն է զգում փաղաքշանքի ու օգնության կարիք, նրանք հակառակն են անում։ Կոպտում էին նաև հավաքարարները։ Ավելացնեմ նաև, որ “մաղարիչ” են ուզում։ Դրա համար էլ երկրորդ երեխայիս ժամանակ որոշեցի գնալ Ախալցիխե, ես չեմ ուզում ոչ ոքի վիրավորել, բայց Ախալցիխեի բժիշկները շատ ավելի բարեհամբյուր էին, ոչ մի չոր խոսք չեմ լսել»։
Եվս մեկ կին, ով հղիության ընթացքում դիմել է բժիշկ-գինեկոլոգին և նա առանց անալիզներ հանձնելու դեղորայք է նշանակել է։ Այդ դեպքից հետո մեր զրուցակիցն այլևս չի գնացել Ախալքալաքի կլինիկա և միանգամից հաշվառման կանգնել է Թբիլիսիի կլինիկաներից մեկում։
Մեկ այլ կին էլ պատմում է, թե ինչպիսի տարբերություն է տեսել, երբ մի պալատում եղել են ինքը՝ գյուղից և քաղաքից մի կին, ով եղել է բժշկական անձնակազմի ծանոթը։
«Գալիս էին ամեն վայրկյան նրա մոտ, շատ նուրբ էին հետը, լավ էին վերաբերվում, իսկ ինձ ոչ այդքան։ Անգամ երբ սանհանգույցից էի օգտվում, հավաքարարը հսկում էր ու կոպտում, որ հանկարծ մի բան չթափեմ, քանի որ նոր է մաքրել»։
Այս և նմանատիպ այլ դեպքերի պատճառով է, որ հղիները շատ հաճախ նախընտրում են Ախալքալաքի հոսպիտալում չծննդաբերել։ Ախալքալաքի հոսպիտալի մենեջերը պատրաստակամ է լսել բոլորին, քննարկել ու լուծել ցանկացած խնդիր: