ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է Վրաստանի իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող բիրտ գործողություններն ու իր աջակցությունը հայտնում վրաց ժողովրդին ու քաղհասարակությանը՝ հանուն ժողովրդավարության և եվրոպական ինտեգրման պայքարում։
Հայտարարության մեջ մասնավորապես կարդում ենք․
«Խորը մտահոգությամբ և ցավով ենք հետևում վերջին օրերին եղբայրական Վրաստանում իշխանությունների կողմից խաղաղ հավաքների ժամանակ ցուցարարների նկատմամբ կիրառվող անհամաչափ և բիրտ ուժի, արցունքաբեր գազի, ջրցան մեքենաների և չդադարող բռնությունների դաժան տեսարաններին։ Վերջին օրերին ոստիկանության և ուժայինների կողմից ինքնաբուխ խաղաղ ցույցերը ցրելու նպատակով կիրառված անհամաչափ բիրտ ուժի հետևանքով վիրավորվել են բազմաթիվ քաղաքացիներ, ուսանողներ, երիտասարդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։
Դատապարտում ենք մարդկանց ազատ կամարտահայության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի և ժողովրդավարական գործընթացների նմանօրինակ ճնշումը։ Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին, ուժային կառույցներին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել անդառնալի ողբերգական հետևանքների։ Ինչպես նաև, ընդգծում ենք, որ հարևան Վրաստանում նման ոչ ժողովրդավար զարգացումները թողնելու են բացասական ազդեցություն մեր ամբողջ տարածաշրջանում քաղաքական իրավիճակի վրա։
Վերջին օրերին տեղի ունեցող քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության անհամաչափ գործողությունների հետևանքով վիրավորվածներին և տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և ուժ։ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը և նրանում համախմբված կազմակերպություններս մեր ամուր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում ԱլԳ ՔՀՖ Վրաստանի ազգային պլատֆորմին և բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, որոնք պայքարում են հանուն ժողովրդավարության, ազատության, մարդու իրավունքների ու Վրաստանի ժողովրդի ընտրած և մայր օրենքով՝ սահմանադրությամբ ամրագրված եվրոպական անշեղ ուղու անսասանության»։