«Եվրոպան և եվրոպական իդեալներն այն են, ինչ ռուսական տիկնիկային գործակալները նպատակաուղղված և դաժանորեն ճնշում են Թբիլիսիի փողոցներում։ Արթնացի՛ր, Եվրոպա»,- այս մասին X սոցիալական ցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Միաժամանակ նախագահը «Ֆեյսբուք»-ում հրապարակված գրառմամբ դիմում է Եվրոպայում և Ամերիկայում բնակվող հայրենակիցներին: Զուրաբիշվիլին նրանց կոչ է անում հստակ արտահայտել իրենց դիրքորոշումը։
«Եվրոպայում ու Ամերիկայում ապրող հայրենակիցներին, ծանոթ-անծանոթներին, դիմում եմ ձեզ, արթնացե՛ք:
Ժամանակն է հստակ արտահայտել ձեր դիրքորոշումը ռուսական ոճի այս դաժան, անխնա հատուկ գործողությունների, ազատ արտահայտվելու ճնշման վերաբերյալ… Լռել և ձևացնել, որ ոչինչ չի կատարվում հայրենիքում, այլևս չի կարելի։ Եվրոպան լավն է, բայց միայն ձեզ համար՝ չի ստացվի։ Խոսքը արժանապատվորեն Եվրոպա գնալու մասին չէ, այլ արժանապատիվ ապրելու և ինքդ քեզ հավատարիմ մնալու մասին է:
Ձեր դիրքորոշումն արտահայտեք մամուլում և հեռուստատեսությամբ, դեսպանատներով կամ թեկուզ սոցիալական ցանցերում, կամ վերադարձեք և կանգնեք ձեր երկրի ապագայի կողքին։
Հ.Գ. Ակնհայտորեն դա չի վերաբերում այն մարդկանց, ովքեր դրսից միացել են բողոքի ակցիային և կանգնել դեսպանատների մոտ»,- գրել է Զուրաբիշվիլին։