Վրաստանում ուսանողները բողոքի ցույցեր են անցկացնում ընդդեմ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների։ Բողոքի ցույցերը սկսվել են Բաթումիի պետական համալսարանից, ուսանողները պատրաստվում են գիշերել համալսարանում, նրանց են միացել նաև Թբիլիսիում և այլ քաղաքների ուսանողները: Ուսանողական շարժումը, պահանջում է ընտրությունների արդյունքների չեղարկում։

Վրաստանի մայր բուհի՝ Թբիլիսիի պետական ​​համալսարանի ուսանողներն իրենց համերաշխությունն են հայտնել Բաթումիի երիտասարդներին և միացել են նրանց։

«ԹՊՀ ուսանողական շարժումն արձագանքում է Բաթումիի պետական ​​համալսարանի ուսանողների բողոքին։ Աջակցում է գողացված ձայների համար նրանց պայքարին և դատապարտում է յուրաքանչյուր անձի մասնակցությունն ընտրակեղծիքների գործընթացին», – ասվում է հայտարարության մեջ:

ԹՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ բողոքի զանգվածային ցույց է տեղի ունեցել։ Ուսանողները փորձել են հասնել համալսարան, սակայն ոստիկանները խանգարել են նրանց։ Ակցիան ուղեկցվել է աղմուկով ու բղավոցներով։

Թբիլիսիի պետական ​​համալսարանի առաջին մասնաշենքի մոտ հավաքված քաղաքացիները բողոքի երթով շարժվել են դեպի ԹՊՀ երկրորդ մասնաշենք։ Նման որոշում են կայացրել այն բանից հետո, երբ տեղում հավաքված իրավապահները թույլ չեն տվել մտնել ԹՊՀ առաջին մասնաշենք։ Համալսարանում շարունակվող բողոքի ակցիային միացել են նաև դասախոսներ։

Դասախոսներից մեկը նշում է, որ ուսանողներն ունեն բուհի ներքին տարածքում բողոքի ակցիա իրականացնելու լիիրավ իրավունք։

«Այն, ինչ այսօր կատարվում է այստեղ, ամոթալի է և անընդունելի»։ Միաժամանակ, դասախոսները համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիին մեղադրում են «Վրացական երազանքի» առաջադրանքները կատարելու մեջ և ասում են, որ «ռեկտորը կատարում է Կոբախիձեի առաջադրանքները»։

Թբիլիսիի պետական ​​համալսարանում իրավիճակը ծայրահեղ լարված է։ Տեղում մոբիլիզացված իրավապահները ուսանողներին և դասախոսներին թույլ չեն տալիս մուտք գործել շենք։

Միաժամանակ բողոքի ալիք է բարձրացել Իլիայի պետական ​​համալսարանում։ Երիտասարդներն իրենց աջակցությունն են հայտնում Բաթումիի պետական ​​համալսարանի ուսանողներին, բողոքում են ընտրակեղծիքների դեմ և ի նշան համերաշխության ծրագրում են գիշերել համալսարանում։

Այս պահի դրությամբ ևս իրավիճակը մնում է լարված:

akcia

Բաթումիի համալսարանի բողոքի ակցիային համերաշխություն է հայտնել նաև GIPA (Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ) ուսանողական շարժումը։ Նրանք հույս ունեն, որ «Բաթումի ուսանողների խիզախ և արդար բողոքը կոգեշնչի երիտասարդներին, և համատեղ ջանքերով Վրաստանը կվերադառնա իր պատմական եվրոպական ուղուն»:

Կեղծիքների դեմ բողոքի են դուրս եկել նաև Ակակի Ծերեթելիի անվան Քութաիսիի համալսարանի ուսանողները։

«Ձայնը գողացել են, իսկ դու համակերպվե՞լ ես դրան», «Ստրկությունը սկսվում է լռությունից»՝ Քութաիսիում երիտասարդները նման պաստառներով են բողոքի ցույցի դուրս եկել։

Սևծովյան միջազգային համալսարանի ուսանողական շարժումը նույնպես հրաժարվում է ճանաչել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների օրինականությունը։

Նշենք, որ նոյեմբերի 14-ին, օրվա առաջին կեսին, Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան համալսարանի նախասրահում առերեսում է տեղի ունեցել՝ իրավագիտության ֆակուլտետի դեկանի ու ուսանողների միջև, որին հաջորդել են զանգվածային բողոքի ցույցերը: