Ընդդիմադիր վեց կուսակցություններ՝ «Ազգային շարժում», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Ախալի», «Լելո», «Դրոա», «Ռազմավարություն Աղմաշենեբելի» ստորագրել են ընդդիմության միասնության հռչակագիր։

Այս մասին տեղեկություն է տարածում «Ազգային շարժումը»։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, միասնության հռչակագիրը ենթադրում է միասնություն ինչպես խորհրդարանական ընտրություններից առաջ, այնպես էլ դրանից հետո։

«Առաջիկա ընտրություններում հաղթելու համար մենք ստորագրում ենք միասնության հռչակագիր, որը ենթադրում է միասնություն ինչպես խորհրդարանական ընտրություններից առաջ, այնպես էլ հետո։

Մենք՝ ստորագրող կողմերս, համաձայնում ենք՝ ակտիվացնել ջանքերը գալիք ընտրություններին ընդառաջ, որպեսզի երաշխավորենք, որ որևէ ընտրողի ձայն չի կորչի, քանի որ 5 տոկոսի շեմն անցնելը խնդիր չէ։

2024 թվականի հուլիսի 8-ից ոչ ուշ մենք կգտնենք մեր միասնության ամենաարդյունավետ կոնֆիգուրացիան, որը առավելագույն արդյունք կբերի ընտրություններում։ Պահպանելով էթիկական շրջանակը, մենք պետք է շարունակենք քննարկել երկրի առջև ծառացած խնդիրները և ընտրություններից առաջ ու հետո խուսափել միմյանց վրա հարձակումներից։

Միասնական ջանքերով դիմակայելու ենք «Վրացական երազանքի» քարոզչությանը:

Մենք կպայմանավորվենք ընտրություններից հետո միասնական իշխող կոալիցիայի ձևավորման մասին՝ «Վրացական խարտիայի» մեջ նշված կետերը կյանքի կոչելու համար։

Եկեք ստանձնենք պարտավորությունը՝ չքվեարկել նոր խորհրդարանում կառավարության ձևավորման օգտին, որին կմասնակցի «Վրացական երազանքը»։

Խորհրդարանական ընտրություններից հետո նախագահական ընտրություններում պետք է սատարենք նախագահի միասնական թեկնածուին։

Միավորվենք ռազմավարական քաղաքական նպատակների և գործողությունների շուրջ քաղաքացիական բողոքի շարժումների և ակտիվիստների հետ, ովքեր պայքարել և շարունակում են պայքարել ժողովրդավարությունը պաշտպանելու և Վրաստանը եվրատլանտյան ուղի վերադարձնելու համար:

Խրախուսել և մոբիլիզացնել արտերկրում բնակվող վրացի ընտրողների առավելագույն մասնակցությունն ընտրություններին և խնդրել գործընկեր երկրներին նպաստել այդ գործընթացին։

Համաձայնեցնել միավորել ուժերը՝ պաշտպանելու բոլոր ձայները և կանխելու ընտրակեղծիքները:

Մենք խնդրում ենք մեր արևմտյան գործընկերներին օգտագործել բոլոր առկա միջոցները՝ պաշտպանելու Վրաստանի քաղաքացիների արդար և թափանցիկ ընտրություններին մասնակցելու իրավունքը, քանի որ այդ հնարավորությունը կարող է միտումնավոր սահմանափակվել «Վրացական երազանքի» կառավարության կողմից։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, Եվրախորհրդարանին, Եվրոպայի խորհրդին և այլ կառույցներին կոչ անենք ապահովել խորհրդարանական ընտրությունների երկարաժամկետ մոնիթորինգ»,- ասված է ընդդիմադիր կուսակցությունների հայտարարության մեջ։