Վրաստանում Հայ Օգնության միությունը 15 տարի է իրականացնում է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Մշտական օգնություն ցուցաբերելով կարիքավորներին, միայնակներին, ծնողազուրկներին և հիվանդ երեխաներին: Կազմակերպությունը կոչ է անում ջավախքցիներին մասնակիցը դառնալ բարեգործության:
Բարեսիրական հայացք նետելով սոցիալական խոցելի խավերի ուղղությամբ, օգնենք մարդկանց այն շրջանակներին, որոնք ինչ-ինչ պատճառներով հայտնվել են կյանքի բնականոն զարգացման ուղեծրից դուրս:
«Մեր նպատակը մեկն է՝ ներկայացնել բարեսիրական գործունեություն և այդ ուղղությամբ աշխատանք տանել: Իհարկե ջավախքցին պատրաստ է բարեգործության՝ ձեռք մեկնելու իր համերկրացուն։ Մարդիկ գուցե չգիտեն ում դիմեն, ինչպես և ինչ հարթակում գործունեություն իրականացնեն: Ջավախքում այս ասպարեզում դեռևս ձևավորված մշակույթ չունենք: Մեր վերջին միջոցառման՝ «Ամանոր» ծրագրի ժամանակ երկու նվիրատու ունեցանք: Սա նշանակում է Ջավախքում կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնելու, օժանդակելու կարիքավորին․․․», – ասաց ՎՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադևոսյանը:
Վերջինս միևնույն ժամանակ նշում է, որ բարեգործ է այն անհատը, ով անկախ նյութական հնարավորությունից, առաջնորդվում է իր ներքին ձայնով: Բարեսիրությունը մարդուն տրվում է ի վերուստ, իսկ ջավախքցին միշտ օգնել ու հասել է՝ հաշվի չառնելով ազգություն, տարածություն ու սահման։
Վրաստանի Հայ Օգնության միությունը 15 տարեկան է: Բարեսիրական գործունեություն ծավալող մի կառույց, որն օգնության ձեռք է մեկնում նրան, ով դրա կարիքն ունի։ 15 երկար ու ձիգ տարիների ընթացքում ՎՀՕՄ-ի գանձարանը հարստացրել են Սփյուռքի հօմուհիներն ու բարերարները:
«Առ այսօր մենք տեղում բարերարներ չենք գտել: Ժամանակն է Ջավախքում ստեղծել բարերարների խումբ, որն էլ նոր սկիզբ կդնի տարածաշրջանում այս գործունեությանը։ Եկել է ժամանակը, երբ ջավախքցին էլ պետք է պատրաստակամություն ունենա հարստացնելու ՀՕՄ-ի ընդհանուր ընտանիքի գանձարանը»,- նշեց Կարինե Թադևոսյանը:
«Ամանոր» ծրագրի իրականացման ժամանակ ՎՀՕՄ-ին հաճելիորեն զարմացրել են երկու նվիրատուներ, ովքեր պատահական լսելով միջոցառման մասին իրենց փոքրիկ լուման են ներդրել ծնողազուրկ երեխաների դեմքերին երջանկության ժպիտը տեսնելու համար:
«Այսօր մենք ունենք երկու բարերար, ուզում եմ իրենց շնորհակալություն հայտնել և գովաբանել: Կուզենամ, որ նման մարդկանց ցանկն ավելանա: Ամանոր-2017 թվականի ծրագրի իրականացման ժամանակ ճանաչվեցին նվիրատու երկու կանայք՝ Նառա Զարմարյանը և Ասյա Գուլիևան, ովքեր իրենց կողմից հագուստ բերեցին երեխաներին՝ լրացնելով մեր նվիրատվությանը: Եվ բոլորը կրկնակի նվերներ ստացան»,- ասաց Կարինե Թադևոսյանը:
ՎՀՕՄ-ը Ջավախքում իրականացնում է բազում կրթամշակութային, առողջապահական, սոցիալական ծրագրեր։ Բացի այդ ամենօրյա օժանդակություն է ցուցաբերում կարիքավորներին՝ սփոփելով նրանց ներքին ընկճվածությունը:
Բարեսիրտ մարդկանց ներկայացվում է օգնության կարիք ունեցող ընտանիք կամ երեխա, և բարերարը կարող է մշտական ուշադրության կենտրոնում պահել տվյալ երեխային, ընտանիքին: Կամ օժանդակել ընդհանուր ծրագրերի իրագործմանը:
Նշենք, որ Հայ օգնության միությունը (ՀՕՄ)՝ կանանց համահայկական բարեսիրական կազմակերպություն է։ ՀՕՄ-ը որպես անկախ, համահայկական մարդասիրական միություն, 27 երկրներում գործող իր միավորներով և բազմահազար անդամներով, արդեն դար ավելի իրականացնում է բազմաթիվ բարեսիրական ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական, տնտեսական ոլորտներում:
Վրաստանում Հայ Օգնության միության գրասենյակը գտնվում է Նալբանդյան 51/4 հասցեում: Բոլոր ցանկացողները կարող են իրենց առաջարկություններով դիմել կամ այցելել գրասենյակ և օգնել կարիքավոր մարդկանց:
Սիրելի ջավախքցիներ եկեք առաջնորդվենք և գործենք՝ աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու ազնիվ մղումով:
Հեռ․ 574 52 62 42, էլ. հասցե․ vhomgrasenyak@mail.ru