Հասարակություն 23 Մարտի, 2022 • Ջավախեթյան փողոցի բնակիչների ջուրը մեկ ամսով կանջատեն

«Մշենեբլոբա» ընկերության տվյալներով՝ վաղվանից՝ մարտի 23-ից, Ախալքալաքի Ջավախեթյան փողոցում կվերսկսվեն ջրամատակարարման աշխատանքները, և այս փողոցի բնակիչները կմնան առանց ջրի։ «Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերություն» ՍՊԸ-ի հետ պայմանագրի ժամկետները հետաձգելու շուրջ հնարավոր չի եղել համաձայնության գալ։

«Մշենեբլոբա» ընկերությունը կապ է հաստատել Jnews-ի խմբագրության հետ՝ խնդրանքով տարածել տեղեկությունն այն մասին, որ վաղվանից Ջավախեթյան փողոցի ջրամատակարարումը կդադարեցվի շինարարական աշխատանքների ողջ ընթացքում, որպեսզի բնակիչները տեղյակ լինեն այդ մասին։

«Վաղվանից մենք կսկսենք աշխատանքները, չհաջողվեց պայմանավորվել աշխատանքների ժամկետների հետաձգման շուրջ: Մենք ջուրը կանջատենք վաղվանից: Ուզում էինք տեղափոխել ժամկետները, որպեսզի աշխատանքի ընթացքում բնակչությանն այլընտրանքային ջրամատակարարում ապահովեինք, բայց մենք հիմա ժամանակ չունենք այդ մասին մտածելու: Մենք պետք է հասցնենք մինչև վերջնաժամկետը, որպեսզի մեզ չտուգանեն: Ջուրը մասամբ անջատել չենք կարող: Ջավախեթյան փողոցի բնակիչները մեկ ամիս ջուր չեն ունենա: Ջրամատակարարման ընկերության հետ ընդհանուր հայտարարի հնարավոր չի եղել գալ, նրանք պարզապես չեն ցանկանում: Այդպես է ստացվում: Նրանք հետաձգում էին հանդիպումը մե՛կ այսօր, մե՛կ վաղը: Ախալցիխեում պատասխանատվությունը ուղղել են դեպի Թբիլիսի»,- ասում է Ախալքալաքում «Մշենեբլոբա» ընկերության ներկայացուցիչը:

«Մշենեբլոբա»-ի տնօրենը վստահեցրեց, որ իրենց ընկերությունը չի կարողացել ընդհանուր որոշման գալ, չնայած այն բանին, որ ուրբաթ օրը Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերության ներկայացուցիչները խոստացել են խոսել և ողջամիտ որոշում կայացնել։ Սակայն ժամկետները սեղմ են, իսկ ամսաթվերը մնում են նույնը։ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին ստորագրված պայմանագրի համաձայն՝ Ջավախեթյան փողոցի կոյուղու և ջրամատակարարման աշխատանքները պետք է ավարտվեն այս տարվա ապրիլի 8-ին, հակառակ դեպքում նրանց ընկերությանը սպասվում է տուգանք։

«Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերությունը, որի հետ պայմանագիր ունենք, ասում է, որ հարկավոր է աշխատել: Մեզ ասում են, որ մենք պետք է աշխատենք, պարտավոր ենք: Ձմեռ է, թե գարուն՝ նշանակություն չունի, ասում են, որ պետք է տեղավորվենք սահմանված ժամկետներում: Ուստի մենք պարտավոր ենք աշխատել, չնայած բոլոր դժվարություններին: Մինչև ապրիլի 8-ը պարտավոր ենք ավարտել աշխատանքները, հակառակ դեպքում կտուգանվենք»,- ասում է «Մշենեբլոբա» ընկերության ղեկավար Զուրաբ Գուգեշաշվիլին։

Jnews-ը փորձում է կապ հաստատել «Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերություն» ՍՊԸ-ի ներկայացուցչի հետ։ Եթե ընկերությունից պատասխանեն մեր հարցերին, ապա մենք ձեզ այդ մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

Հիշեցնենք, որ կոյուղու և ջրամատակարարման վերականգնման խնդիրն արդիական դարձավ նախորդ շաբաթ, քանի որ բնակիչները կտրականապես դեմ հանդես եկան ջեռուցման սեզոնին վերականգնողական աշխատանքների վերսկսմանը` առանց առաջիկա մեկուկես ամիսների ընթացքում նախապես այլընտրանքային ջրամատակարարմանը, քանի որ ընկերությունը նախկինում հայտնել էր, որ այս աշխատանքները շատ ժամանակ կպահանջեն:

Ջավախեթյան փողոցում նոր կոյուղագծի կառուցման շինարարական աշխատանքների էլեկտրոնային մրցույթը շահել է «Մշենեբլոբա» ընկերությունը՝ 603 700.00 լարիով: Ըստ պայմանագրի՝ աշխատանքները պետք է սկսվեին և ավարտվեին 4 ամսում՝ մինչև 2022 թվականի հունվարի 18-ը ներառյալ, սակայն ձմեռային շրջանի պատճառով ժամկետները հետաձգվել էին երկու ամսով։

Այս թեմայով կարող եք կարդալ՝

Ջավախեթյան փողոցի բնակիչները դեմ են վերականգնողական աշխատանքների վերսկսմանը

Ջավախեթյան փողոցի բնակիչներին սպառնում է մեկ ամիս ջրանջատում

Վերատպման կանոն