նորություններ 13 Սեպտեմբերի, 2026 • Միասնական ազգային քննությունների առարկաների ցանկում կավելացվի նաև իտալերենը

Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիվի Միքանաձեն հայտարարել է, որ հաջորդ տարվանից Միասնական ազգային քննությունների ընտրովի առարկաների ցանկում կավելացվի նաև իտալերենը։

Նախարարը խոսել է հանրակրթության բարեփոխումների շրջանակներում նախատեսվող նոր փոփոխությունների մասին։ Նրա խոսքով՝ ավարտական դասարաններում նախատեսվում է ներդնել «ռեպետիտորիումի» մոտեցումը, որը հաշվի կառնի աշակերտների հետաքրքրություններն ու մասնագիտական ընտրությունը։

«Մոտ ապագայում մենք սկսում ենք աշխատել նորամուծության ուղղությամբ, որը կներդրվի հաջորդ տարվանից։ Դա «ռեպետիտորիումն» է։ Ավարտական դասարաններում երիտասարդներին առաջարկում ենք ընտրել 3 կամ 4 առարկա, որոնցից նրանք քննություն կհանձնեն ազգային քննությունների շրջանակում։ Մենք պետք է ընտրենք համապատասխան ուսուցիչներին, վերապատրաստենք նրանց և մեկ տարվա ընթացքում բոլոր առարկաների համար պատրաստենք դասագրքեր», — նշել է կրթության նախարարը։

Միքանաձեի խոսքով՝ նախարարությունը նաև սկսել է աշխատել միասնական օրինագծի՝ «Կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի ուղղությամբ, որը փոփոխություններ կմտցնի 7 օրենքներում։

Նախարարի պարզաբանմամբ՝ օրինագծում կսահմանվեն մի շարք ուղղություններ, այդ թվում՝ կրթության երրորդ՝ դոկտորական աստիճանին վերաբերող հարցերը։

«Մենք սկսել ենք աշխատել միասնական օրինագծի վրա։ Դա կլինի «Կրթության և գիտության մասին» օրենքը, որը փոփոխություններ կմտցնի 7 օրենքներում։ Մեր նպատակն է նախաձեռնությունը ներկայացնել գարնանային նստաշրջանում։ Օրինագծում կսահմանվեն մի շարք ուղղություններ, այդ թվում՝ կրթության երրորդ՝ դոկտորական աստիճանին վերաբերող հարցերը։

Ինչ վերաբերում է երրորդ աստիճանին, հնարավոր է՝ մինչև տարեվերջ մենք ունենանք որոշակի տեսլական, որը կքննարկենք ակադեմիական համայնքի հետ, կհամաձայնեցնենք դիրքորոշումները, և դրանից հետո կսկսենք գործընթացը», — «Իմեդիի» եթերում հայտարարել է Գիվի Միքանաձեն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝