նորություններ 11 Օգոստոսի, 2026 • Վրաստանի ազատ մեդիան նոր պայմաններում

Վրաստանում սահմանափակող օրենքների ընդունումից հետո անկախ լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները բախվել են լուրջ ֆինանսական և մասնագիտական մարտահրավերների։ Ստեղծված իրավիճակը, լրագրողների ու դոնորների նկատմամբ սահմանափակումներն ինչպե՞ս են ազդում ԶԼՄ-ների ազատության վրա, ինչո՞ւ է լրագրությանն աջակցությունն ավելի բարդ դարձել, և ի՞նչ դեր ունի այս գործընթացում քաղաքացիական հասարակությունը՝ ներկայացնում է Transparency International Georgia-ի տարածաշրջանային գրասենյակների մենեջեր Զվիադ Քորիձեն։

— Ինչպե՞ս է փոխվել վրացական ԶԼՄ-ների աշխատանքը՝ օտարերկրյա ֆինանսավորումն ու լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող նոր օրենքների ընդունումից հետո։

— Այն հեռուստաընկերություններն ու առցանց ԶԼՄ-ները, որոնք իշխանությունների նկատմամբ քննադատական կամ ընդդիմադիր դիրքորոշում ունեն, հիմնականում աջակցություն էին ստանում միջազգային հիմնադրամներից։ Վրաստանում «Վրացական երազանքի» նախաձեռնությամբ ընդունված օրենսդրական նախաձեռնությունների միջոցով իշխանություններին հաջողվեց «փակել թթվածինը» այն լրատվամիջոցների համար, որոնք փնտրում էին կարևոր թեմաներ, իրականացնում էին տարբեր հետաքննություններ, պատրաստում որակյալ, խորքային ռեպորտաժներ վրացական հասարակության առջև ծառացած տարբեր խնդիրների վերաբերյալ։

Երբ «թթվածինը փակվում է», լրագրողներն ու լրատվամիջոցները քիչ ռեսուրսներ են ունենում լրագրողական նյութեր պատրաստելու համար։ Սա զգալիորեն նկատելի է։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում տեսնում ենք, որ բազմաթիվ լրագրողական միավորումներ չունեն որակյալ բովանդակություն ստեղծելու համար անհրաժեշտ ռեսուրսներ։

Նման օրենքների միջոցով կառավարությանը հաջողվեց այդ լրատվամիջոցներին հակադրել հասարակությանը։ Հատկապես մարզերում զգացվում է, որ տեղի բնակիչները կա՛մ հնարավորություն չունեն, կա՛մ ցանկություն չունեն նման քննադատական լրատվամիջոցների բովանդակության սպառողը լինելու։ Սա նույնպես այդ քաղաքականության արդյունքն է։

Մենք անմիջապես տեսնում ենք, որ բազմաթիվ թեմաներ, որոնք այսօր անհանգստացնում են մեր հասարակությանը, մնում են այդ լրատվամիջոցների ուշադրությունից դուրս։ Շատ թեմաներ չեն ուսումնասիրվում և չեն վերլուծվում։ Այդ թեմաները երբեք չեն հայտնվի «Վրացական երազանքի» կողմից ամբողջությամբ վերահսկվող քարոզչական հեռուստաալիքներում և առցանց լրատվամիջոցներում։ Բայց դրանք չեն հայտնվում նաև մյուս լրատվամիջոցներում։

Գովազդային շուկան զգալիորեն նեղացել է։ Վրաստանի տարածքում գործող բազմաթիվ տեղական ընկերություններ կտրուկ կրճատել են իրենց գովազդային բյուջեները։ Ընդ որում՝ ոչ միայն քննադատական դիրքորոշում ունեցող հեռուստաալիքներում, այլ ընդհանրապես։ Սա ազդել է մեր մեդիա ընկերությունների ֆինանսական կայունության վրա։

— Վերջին շրջանում Վրաստանում քանի՞ լրատվամիջոց է դադարեցրել գործունեությունը։

— Համազգային մակարդակով փակվել է «Մթավարի» հեռուստաընկերությունը։ «Ֆորմուլա» հեռուստաընկերության ռեսուրսները զգալիորեն կրճատվել են։ Մենք մշտապես տեսնում ենք, որ փակվում են հաղորդումներ և տարբեր ծրագրեր։ Գրեթե ամեն շաբաթ հեռուստաընկերությունից հեռանում են բազմաթիվ աշխատակիցներ, հանրային դեմքեր, որոնք վարում էին հաղորդումներ կամ ներկայացնում նորություններ։

Մյուս կողմից՝ տարածաշրջանային մակարդակով բազմաթիվ լրատվամիջոցներ են փակվել։ Շատ ծանր վիճակում են նաև առցանց լրատվամիջոցները։ Դրանք այնքան հեշտությամբ չեն փակվում, որքան հեռուստաընկերությունները, սակայն ունեն շատ քիչ բյուջե և ռեսուրսներ՝ նախկինի պես լայնածավալ աշխատանք իրականացնելու համար։

Մենք չպետք է թաքցնենք, որ Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ իրականացվող ճնշումներն ի վերջո չեն ընկալվում որպես մեկ մարդու՝ մեկ կնոջ դեմ ուղղված գործողություն, որը ինքնապաշտպանության պայմաններում արել է այն, ինչ արել է։ Նա ապտակ հասցրեց ոչ միայն այդ ոստիկանին, այլև ամբողջ ռեպրեսիվ համակարգին։

Մենք տեսնում ենք, որ ճնշումներն ուղղված են ոչ միայն Մզիա Ամաղլոբելիի, այլև ամբողջ ազատ և տարածաշրջանային մեդիա ոլորտի դեմ։ Որովհետև հենց նրանք էին ամենից լավ հասկանում, թե ինչ դեր էր կատարում «Բաթումելեբին» և ինչ դժվարությունների առաջ էր կանգնել այն Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ իրականացված ճնշումներից հետո։

Հիշում եմ, որ մոտ մեկուկես տարի առաջ, երբ «Վրացական երազանքը» որոշեց առաջ մղել «թափանցիկության մասին» օրենքը, իշխանության ներկայացուցիչները շրջում էին Վրաստանի տարբեր շրջաններում և մարդկանց բացատրում, որ դա ռուսական օրենք չէ, այլ բացառապես վրացական օրենսդրություն, որը մարդկանց ավելի մեծ հնարավորություններ է տալիս։ Նրանք ասում էին, որ քաղաքացիները պետք է թափանցիկ կերպով իմանան, թե ում ձեռքում են գտնվում վրացական լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները։

Նման հանդիպում էր տեղի ունեցել նաև Բաթումիում։ «Բաթումելեբիի» գլխավոր խմբագիր Էթերի Տուրաձեն այն ժամանակ Շալվա Պապուաշվիլիին ասել էր, որ Վրաստանի նախկին կառավարություններից ոչ մեկը, անգամ Աջարիայում, երբ այնտեղ Աբաշիձեների կլանի տոտալիտար իշխանությունն էր, չի կարողացել լրագրողներին ակտիվիստների վերածել։

Որովհետև նման ռեժիմը, ազատ մեդիա ոլորտի նկատմամբ նման ճնշումները, բնականաբար, քննադատական դիրքորոշում ունեցող հեռուստաալիքների լրագրողներին, խմբագիրներին և պրոդյուսերներին վերածում են ակտիվիստների։

Լրագրողները դառնում են ակտիվիստներ, որովհետև նրանք պետք է պաշտպանեն ինչպես իրենց իրավունքները, այնպես էլ բոլոր քաղաքացիների իրավունքները։

Այն, որ մենք պատրաստում ենք որևէ ռեպորտաժ, իրականացնում հետաքննություն, պաշտպանում ենք որոշակի էթիկական չափանիշներ և մասնագիտական նորմեր, մղվում է երկրորդ կամ երրորդ պլան, որովհետև առաջին պլան է գալիս իրավունքների պաշտպանությունը։

Եվ եթե մենք ուշադիր հետևենք այս գործընթացին, կտեսնենք, որ արդեն կորցնում ենք բարձր մասնագիտական և բարձր էթիկական չափանիշներ ունեցող լրագրողների։

— Քանի՞ լրագրող է ստիպված եղել լքել Վրաստանը՝ ԶԼՄ-ների աշխատանքի պայմանների փոփոխության պատճառով։

— Շատերը հեռացել են։ Ոչ միայն Վրաստանից՝ մեկ այլ երկիր, այլ շատերը հեռացել են նաև մասնագիտությունից։ Լրագրողները հեռանում են հենց մասնագիտությունից, ոչ միայն երկրից։

Սա շատ ցավոտ գործընթաց է։ Որովհետև երբ մարդիկ այլևս չունեն ազատության և անվտանգության զգացում՝ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական առումով, բնականաբար, ոչ բոլորը կարող են դիմանալ այդ ճնշմանը։

— Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ վրացական շատ լրատվամիջոցներ պատրաստ չէին վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխություններին։

— Գիտեք, հասարակությունը պատրաստ չէր դրան։ Որովհետև վրացական հասարակությունը, երբ քաղաքական ընտրություն կատարեց և ընտրեց «Վրացական երազանքին», չէր մտածում և չէր համարում, որ ընտրում է բռնապետություն։

Հնարավոր է՝ ինչ-որ բան նրանց դուր էր գալիս, ինչ-որ բան՝ ոչ։ Բայց «Վրացական երազանքի» և անձամբ Բիձինա Իվանիշվիլիի կողմից ավտորիտար ռեժիմ ստեղծելու գիտակցված դիրքորոշում, բնականաբար, չկար։

Եվ երբ հասարակությունն ու լրատվամիջոցներն արդեն սկսեցին գիտակցել, որ այս գործընթացը տեղի է ունենում, որ այն շարժվում է դեպի ավտորիտարիզմ, դեպի բռնապետություն, նրանք սկսեցին հասարակությանը ավելի շատ տեղեկատվություն, ավելի շատ բացատրություններ և ավելի շատ ազդակներ փոխանցել։

Բայց ինչ-որ առումով դա արդեն ուշացած գործընթաց էր։ Որովհետև «Վրացական երազանքի» տարածած քարոզչական ուղերձները, ցավոք, աշխատեցին։

— Ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ Վրաստանում ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նկատմամբ ճնշումների ուժեղացումը։

— Ի՞նչ հետևանքներ կունենա այն, որ մենք մնանք բռնապետական պայմաններում և շարունակենք պայքարել դրա դեմ։ Ի՞նչ ընտրություն է կատարել այս հասարակությունը։ Արդյո՞ք այն կհարմարվի ավտորիտարիզմին և Իվանիշվիլիի իշխանությանը, թե՞ կպայքարի այդ ավտորիտար իշխանության դեմ։ Ամեն ինչ կախված է դրանից։

Բնականաբար, հասարակության գլխավոր դաշնակիցն ու գլխավոր օգնականը այս պայքարում լրատվամիջոցներն են։ Հետևաբար, այդ դիմադրության գլխավոր բեռը, հիմնական ծանրությունը հենց վրացական լրատվամիջոցների և վրացական ոչ կառավարական հատվածի վրա է ընկնում։

Հենց այդ պատճառով էլ Իվանիշվիլիի իշխանությունն ու «Վրացական երազանքն» այդքան ակտիվորեն պայքարում են նրանց դեմ։ Նրանք կարծում են, որ եթե այս՝ քննադատական դիրքորոշում ունեցող համակարգերն ավելի մեծ ազատություն ունենան, ապա հասարակությունն ավելի շատ ռեսուրսներ կունենա ավտորիտարիզմի դեմ պայքարելու համար։ Հենց դա ենք մենք հիմա տեսնում։

Կհարմարվե՞նք արդյոք ավտորիտարիզմին, ինչն, օրինակ, ես անձամբ չեմ ցանկանում և նման տրամադրվածություն չունեմ, թե՞ իրականում կպայքարենք։ Իսկ ինչո՞վ պայքարել։ Պայքարել հենց այն տեղեկատվության, քննարկումների և այն կարևոր թեմաների միջոցով, որոնք նման լրատվամիջոցները պետք է ներկայացնեն իրենց հասարակությանը, իրենց լսարանին։

Սա է կարևոր։ Այժմ մենք հենց այս պայքարն ենք տեսնում։ Թե ինչպես և ինչով այն կավարտվի, կախված է հասարակության ամրությունից և կայունությունից կամ Իվանիշվիլիի ավտորիտար իշխանության ուղղահայաց համակարգի կայունությունից։

Ով ավելի ամուր կլինի, ով ավելի կայուն կլինի, ով ավելի նպատակային կլինի հասարակությունը փոխելու իր ձգտման մեջ՝ դրանից է կախված ապագան։

Իսկ հասարակությունն ունի երկու տարբերակ։ Այն կա՛մ կապրի ժողովրդավարության պայմաններում, կա՛մ կապրի ավտորիտարիզմի, բռնապետության պայմաններում։ Դա պետք է որոշի մեր հասարակությունը։ Դա յուրաքանչյուր քաղաքացի պետք է որոշի իր համար։

Ինչ-որ մեկը կասի․ «Ես չեմ կարծում, որ սա բռնապետություն է»։ Իսկ ինչո՞ւ է նա այդպես ասում։ Որովհետև ցանկացած բռնապետություն քաղաքացիներին հնարավորություն է տալիս ապրել՝ առանց իրենց գործողությունների համար պատասխանատվության զգացման։

Մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնց համար շատ դժվար է պատասխանատվություն ստանձնել իրենց որոշումների և գործողությունների համար։ Իսկ երբ քեզ իշխանության որևէ ներկայացուցիչ, որևէ ազդեցիկ պետական պաշտոնյա ասում է․ «Ես կարող եմ ամբողջ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա և ազատել քեզ այդ պատասխանատվությունից», բնականաբար, որոշ մարդիկ համաձայնում են դրան։

Հենց այդպես էլ ստեղծվում է բռնապետության համար որոշակի ընտրազանգված։

Բայց կան մարդիկ, որոնք դեմ են դրան և ասում են․ «Ո՛չ, մենք ինքներս պետք է պատասխանատվություն կրենք»։

Եվ նման լսարանին, հասարակության նման հատվածին անպայման անհրաժեշտ են լավ լրատվամիջոցներ և ուժեղ ոչ կառավարական կազմակերպություններ։ Որովհետև նրանց դաշնակիցներ են պետք։

Այս գործընթացն այժմ ընթանում է։ Իշխանությունը դա շատ լավ զգում է։ Հենց այդ պատճառով էլ հիմնական պայքարն ուղղված է լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների դեմ՝ որպեսզի նրանք չունենան ֆինանսավորում, չունենան նորմալ աշխատանքային պայմաններ, և նրանց դեմ ուղղվի ամբողջ քարոզչական ագրեսիան ու զրպարտությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝