Վրաստանի իշխանությունները մանրամասն տեղեկություններ կհրապարակեն երկրում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառների մասին, երբ Պետական անվտանգության ծառայությունն (ՊԱԾ) ավարտի իր հետաքննությունը։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Առաջին երկու դեպքերն ունեին կոնկրետ պատճառ, որի համար մենք ունենք լիարժեք տեղեկատվություն։ Սակայն, ինչպես գիտեք, ՊԱԾ-ն հետաքննություն է անցկացնում այս հարցի շուրջ, և մենք հանրությանը մանրամասն տեղեկություններ կտրամադրենք ավելի ուշ, քանի որ որոշ մանրամասներ պահանջում են լրացուցիչ ուսումնասիրություն», — լրագրողներին ասել է նա։
Հուլիսի 25-ին ՊԱԾ-ը հայտարարել է «սաբոտաժ» հոդվածով քրեական գործի հարուցման մասին։ Սա ենթադրում է, որ ինչ-որ մեկը դիտավորյալ վնասել է ռազմավարական ենթակառուցվածքները՝ պետական շահերին սպառնալու մտադրությամբ։ Կոբախիձեն կոչ է արել չշտապել ենթադրութոյւններ անել. «Սա կարող է ընդհանրապես սաբոտաժ չլինել»։
«Ընդհանուր առմամբ, բազմաթիվ խնդիրներին չնայած, համակարգը կայուն է, և իշխանությունները կանեն ամեն ինչ՝ դրա կայունությունը պահպանելու համար», — հայտարարել է վարչապետը։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում էլեկտրաէներգիայի երեք խոշոր անջատում է տեղի ունեցել։
Օգոստոսի 5-ին Էնգուրիի հիդրոէլեկտրակայանում (ՀԷԿ) նախատեսված փորձարկումների ժամանակ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի անջատում, որը Վրաստանի պետական էլեկտրաէներգետիկ համակարգը (ՀԷՀ) անցկացնում էր նախորդ երկու անջատումների պատճառը պարզելու համար։ Դրանք տեղի են ունեցել հուլիսի 24-ին և 25-ին։
Բոլոր դեպքերում էլ Թբիլիսիում և հարակից շրջաններում էլեկտրաէներգիան անջատվել է։ Մայրաքաղաքում մետրոյի և ճոպանուղու երթևեկությունը դադարեցվել է, միջքաղաքային գնացքները խափանվել են, ինչպես նաև ջրամատակարարման և բջջային ինտերնետի խափանումներ են եղել։
Կարգավորող մարմինը (GNERC) Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի հանկարծակի անջատումն ադրբեջանական ցանցից նշել է որպես հուլիսյան անջատումների նախնական պատճառ։
Վթարների ֆոնին GSE-ում արդեն տեղի են ունեցել կառավարման փոփոխություններ. ընկերության գործադիր տնօրեն Վանո Զարդիաշվիլին հրաժարական է տվել, իսկ Դավիթ Վարդիաշվիլին նշանակվել է գործադիր տնօրենի պաշտոնակատար։



