նորություններ 7 Օգոստոսի, 2026 • Հերթական հրդեհը ԱԹՍ-ի հարվածից հետո Եկատերինբուրգում գտնվող Wildberries-ի պահեստում

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհ է առաջացրել Եկատերինբուրգի Wildberries լոգիստիկ կենտրոնում։

Սվերդլովսկի մարզի նահանգապետի խոսքով՝ երեք անօդաչու թռչող սարք բախվել են լոգիստիկ կենտրոնի տանիքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները և հրշեջները։

«Երեք ԱԹՍ է բախվել լոգիստիկ կենտրոնի տանիքին։ Մարդիկ տարհանվել են», — հայտարարել է մարզի նահանգապետը։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Սվերդլովսկի մարզի օդային տարածքում ոչնչացվել է ընդհանուր առմամբ ութ անօդաչու թռչող սարք։

Դրա հետ մեկտեղ, ինչպես գրում է Reuters-ը, Ռուսաստանի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները զգալի վնաս են հասցրել երկրի խոշորագույն ընկերություններից մեկին՝ Wildberries-ին։ Վերջին շաբաթների ընթացքում ընկերության պահեստների վրա հարվածները խաթարել են մատակարարման շղթաները, ոչնչացրել զգալի պաշարներ և վնասել հազարավոր փոքր բիզնեսների։

Reuters-ի տվյալներով՝ հուլիսի 18-ից Ուկրաինան գրեթե ամեն օր հարվածներ է հասցնում Wildberries պահեստներին։ Վնասվել է ընկերության մոտ 20 օբյեկտ, որոնցից մի քանիսը խոշոր հրդեհների են ենթարկվել։ Ընդհանուր առմամբ, ոչնչացվել կամ վնասվել է առնվազն 1.18 միլիոն քառակուսի մետր պահեստային տարածք՝ ընկերության ընդհանուր պահեստային տարողության մեկ հինգերորդից ավելին։

Լուսանկարը՝ արխիվից

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝