Դպրոցական համազգեստը երկրորդական հարց չէ։ Այն հիմնական ուղղություններից է, քանի որ ապահովում է աշակերտների միջև հավասարություն, ստեղծում է անվտանգ միջավայր և նպաստում կրթության որակի բարձրացմանը։ Սա հաստատվում է համաշխարհային պրակտիկայով: Այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն։
Միքանաձեի խոսքով՝ բարեփոխումը չի սահմանափակվում միայն դպրոցական համազգեստի ներդրմամբ, այլ ներառում է նաև այլ կարևոր բաղադրիչներ։
«Մենք սկսեցինք բարեփոխումը՝ ներդնելով դպրոցական համազգեստ և մի շարք այլ կարևոր բաղադրիչներ։ Արդեն սեպտեմբերի 15-ին առաջին, յոթերորդ և տասներորդ դասարանների աշակերտներին դպրոցներում կդիմավորեն բոլորովին նոր դասագրքերով և նոր ուսումնական ծրագրերով։ Հումանիտար ուղղությունների և STEM ուղղությունների դասագրքերը առանձնանում են շատ բարձր որակով, և ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ դրանց պատրաստման համար ահռելի աշխատանք է կատարվել։
Ավելին, դպրոցներում ուժի մեջ կմտնի նոր կանոն, որը սահմանափակում է բջջային սարքերի օգտագործումն ուսումնական գործընթացում, որպեսզի երեխաները կարողանան լիովին կենտրոնանալ իրենց ուսման վրա։ Բացի դրանից, մենք ունենք բարեփոխումների հայեցակարգում ուրվագծված այլ շատ կարևոր ուղղություններ։
«Ես բացարձակապես համաձայն չեմ այն մտքի հետ, որ մենք կենտրոնացած ենք միայն դպրոցական համազգեստի վրա։ Համազգեստը միայն մեկ բաղադրիչ է, բայցևայնպես՝ չափազանց կարևոր», — ասել է Գիվի Միքանաձեն։



