նորություններ 22 Հուլիսի, 2026 • Երկպառակտության ճանապարհ. Բնակիչները պլանավորում են փակել Ախալքալաք-Կարծախ մայրուղին(Video)

Ախալքալաք-Կարծախ միջազգային մայրուղու երկայնքով գտնվող գյուղերի մոտ 80 բնակիչներ հավաքվել են Վաչիան գյուղի մոտ՝ ճանապարհը փակելու մտադրությամբ։

Տեղացի բնակիչների համբերությունը սպառվել է։ Թուրքիայի սահման տանող Ախալքալաք-Կարծախի մայրուղու երկայնքով գտնվող գյուղերից մոտ 80 մարդ հավաքվել է Վաչիան գյուղի մոտ և մտադիր է փակել այն։ Տեղում են նաև մի քանի պարեկային մեքենաներ և ոստիկանություն։ Իրավապահ մարմինները փորձում են համոզել տեղի բնակիչներին չփակել ճանապարհը։ Տեղացիների զայրույթի պատճառը ճանապարհն է, որը մի քանի տարի անանցանելի է եղել։ Բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են տեղական իշխանություններին և վրդովված են լուծման բացակայությունից։

«Մենք ուզում ենք, որ մեր ձայնը հասնի կառավարությանը։ Մենք ոստիկանության հետ կապված որևէ բողոք չունենք և համաձայն ենք, որ նրանք ոչինչ չեն կարող անել։ Նրանք չեն կարող վերականգնել այս ճանապարհը։ Մենք օրինապահ ենք, և այդ պատճառով ճանապարհը բաց է, մեքենաները կարող են շարժվել, բայց մենք սպասում ենք տեղական իշխանություններին։ Թող նրանք գան և որոշեն, թե ինչպես լուծել այս խնդիրը։ Պե՞տք է ինչ-որ մեկը գա։ Ոստիկանությունն իր գործն է անում», — ասում է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Բնակիչները հոգնել են այն փաստից, որ նախկինում րոպեների ընթացքում էր հնարավոր անցնել այս ճանապարհը, իսկ այժմ ժամեր է հարկավոր։

«Նույնիսկ թշնամին նման բան չէր անի։ Մենք մեկ-երկու ժամում 5-6 կիլոմետր ճանապարհ ենք անցնում։ 5 րոպեում Վարևան գյուղ էինք հասնում։ Իսկ ի՞նչ ասեն Սուլդայի, Դադեշի, Բոզալիի, Կարծախի և այլ գյուղերի բնակիչները։ Բայց հիմա իրավիճակն աղետալի է։ Շտապօգնության մեքենաները չեն կարողանում հասնել այնտեղ, մարդը վատ, պե՞տք է սպասենք, մինչև նա մահանա։ Շտապօգնության մեքենաները չեն կարողանում գալ, տաքսիները չեն գալիս։ Եթե հիվանդ ես, Ախալքալաք հասնելու համար 1 ժամ 20 րոպե է պահանջվում։ Ոչ ոքի չես կարող մեղադրել՝ տաքսիները 50 լարի են պահանջում ուղևորության համար», — ասում է բնակիչը։

Բողոքի ակցիայի մասնակիցներին նաև զայրացրել են այն լայն տարածում գտած լուրերը, որ իշխանությունները մտադիր են Ախալցիխեն Մառնեուլիի հետ կապող նոր ճանապարհ կառուցել, մինչդեռ մայրուղու այս հատվածը տարիներ շարունակ չի վերանորոգվել և շահագործվում է բեռնատարների համար ու գումար են վաստակում դրանից։

«Խոսակցություններ կան, որ Բաթումիում և Ախալցիխեում ճանապարհներ են կառուցվում, բայց Ախալքալաքում՝ ոչ։ Ճանապարհներն ամենուր լավն են, վերանորոգված, դեպի Բեժանո և դրանից այն կողմ։ Այդ ուղղությամբ այդքան շատ բեռնատարներ չեն գնում, բեռնատարները հիմնականում երթևեկում են այս ճանապարհով», — ասում է բողոքի մեկ այլ մասնակից։

Բնակիչները կառավարությունից հետաքրքրվում են, թե ինչ սխալ են արել, որ այսպես պատժվել են։ Նրանք մի քանի տարի շարունակ իրենց դժգոհությունն են հայտնել վերականգնողական աշխատանքների վերաբերյալ։

«Մի քանի օր առաջ գնացի Հոկամ, հետո՝ Մյասնիկյան, որպեսզի Մյասնիկյանից տուն հասնեմ։ Քաղաքից մինչև Վաչիան ընդամենը մի քանի քայլ է, բայց այնտեղ հասնելն անհնար է։ Ո՞րն է մեր սխալը։ Նրանք բեռնատարներից փող են վաստակում, իսկ մենք տանջվում ենք, ճանապարհ չկա։ Ո՞րն է խեղճ մարդկանց մեղքը։ Թող նախարարներից մեկն այս ճանապարհով անցնի։ Թող այս փոշին ներծծվի մեքենայի մեջ, և կտեսնենք, թե ինչ գույն կստանա նրա սպիտակ վերնաշապիկը։ Ճանապարհը ձմռանն անանցանելի էր, և նրանք, իբր, վերանորոգել են այն, բայց դա ավելի է վատթարացրել իրավիճակը։ Ոչ ոք խիղճ չունի։ Եթե անվտանգության ամրագոտի չկապես, մեքենայից դուրս կնետվես», — ասում է բողոքի մեկ այլ մասնակից։

Հիշեցնենք, որ Սուլդա գյուղի մի խումբ բնակիչներ դիմում էին հղել Վրաստանի վարչապետին, Ենթակառուցվածքների նախարարությանը և Ճանապարհների դեպարտամենտին՝ պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել Ախալքալաք-Կարծախ միջազգային ճանապարհը վերականգնելու համար։ Մի քանի օրվա ընթացքում խնդրագիրը ստորագրել է 115 մարդ, այդ թվում՝ Ջավախքից և Հայաստանի մայրաքաղաքից, տարբեր գյուղերից ու քաղաքներից բնակիչներ, միջազգային բեռնատարների վարորդներ և զբոսաշրջիկներ: Նամակում բնակիչները խնդրում են պատկան մարմիններին միավորվել և գտնել արագ և համապարփակ լուծում՝ վերականգնել Ախալքալաք-Կարծախ ճանապարհը: Նրանք նշում են, թե ինչպես է ճանապարհի վիճակը զգալիորեն իջեցրել իրենց կյանքի որակը:

Այն որ Ախալքալաք-Կարծախ ճանապարհը քանդվում է Jnews-ը բարձրաձայնել էր դեռ 2018 թվականին և շարունակում է բարձրաձայնել մինչ օրս: Տարիների ընթացքում խմբագրությունը բազմիցս դիմել է բոլոր հնարավոր ատյանները և ստացել պատասխաններ, սակայն որևէ հիմնարար վերանորոգում չի իրականացվել: 2023 թվականից ի վեր Վրաստանի ճանապարհային վարչությունը հայտարարում է, որ վերականգնողական աշխատանքները «մոտ ապագայում» կսկսվեն։ Սակայն այդ «մոտ ապագան» դեռ չի եկել, իսկ ճանապարհն ամեն օր շարունակում է քանդվել։

Ախալքալաք-Կարծախ մայրուղին կառուցվել է 2010 թվականին: Հիմնական վերանորոգում իրականացվել է միայն Վաչիան գյուղի հատվածում, մնացած հատվածներում իրականացվել է միայն փոսերի վերանորոգում, սակայն այդ հիմնական վերանորոգումից էլ արդեն ոչինչ չի մնացել:

Նշենք, որ 2022, 2023 և 2024 թվականներին, նախկինում հայտարարված մրցույթների համաձայն, այս ճանապարհի հատվածների վերանորոգումը կրկին իրականացրել են «ՋավախԱվտոԳզա» և «Արալի» ընկերությունները: Սակայն երկու ընկերությունների աշխատանքից էլ էֆեկտն անտեսանելի էր։ Այս ճանապարհից օգտվող վարորդների դժգոհությունները ոչ մի անգամ չի դադարել։ Որոշ հատվածներում աշխատանքները կամ կատարվել են լուրջ խախտումներով, կամ ընդհանրապես չեն կատարվել։

«Արալի» ընկերությունը, որը պետք է 2023 թվականին վերականգներ Ախալքալաք-Կարծախ ճանապարհը, երկու անգամ տուգանվել է։ Ճանապարհային վարչությունը խոստացել է, որ խնդրահարույց հատվածները և ամբողջ ճանապարհը կվերանորոգվեն, բայց գործնականում իրավիճակը մեծ մասամբ մնում է առանց էական փոփոխությունների։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝