Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում ձերբակալվել է Ջավախքի պահպանվող տարածքների գործակալության անտառապահը, իսկ Փոթիի մունիցիպալիտետում սպասարկման կենտրոնի աշխատակիցը՝ կաշառակերության փաստի առթիվ։
Ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով՝ Ջավախքի պահպանվող տարածքների անտառապահը քաղաքացուց պահանջել է 600 լարի հողի արդյունահանման համար, իսկ Փոթիի մունիցիպալիտետի սպասարկման կենտրոնի աշխատակիցը՝ 400 լարի՝ մասնագիտացված սարքավորումներով հող մշակելու համար։
«Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանի դատախազության հետ համատեղ անցկացված հետաքննության արդյունքներով մեկ անձ ձերբակալվել է առևտրային կաշառակերության համար։ Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը, որն աշխատում էր Փոթիի մունիցիպալիտետի սպասարկման կենտրոնում, անձնական շահի համար չարաշահել է իր պաշտոնեական դիրքը՝ քաղաքացուց անօրինական կերպով պահանջելով և ստանալով 400 լարի՝ մունիցիպալիտետին պատկանող մասնագիտացված սարքավորումներով հողային աշխատանքներ կատարելու դիմաց։
Այս գործի առթիվ հետաքննություն է տարվում Վրաստանի ՔՕ 221-րդ հոդվածի երրորդ մասով, որը նախատեսում է 2-ից 4 տարի ազատազրկում։
Քննչական ծառայության աշխատակիցների կողմից մեկ այլ անձ ձերբակալվել է շորթման և կաշառակերության համար։
Քննությամբ պարզվել է, որ Ջավախքի պահպանվող տարածքների գործակալության անտառապահը, անօրինական ֆինանսական շահույթ ստանալու նպատակով, պետական անտառային տարածքից բերրի հող արդյունահանելու համար պահանջել և ստացել է 600 լարի կաշառք անձից, որից հետո նա ձերբակալվել է։
Այս դեպքը տարվում է Վրաստանի ՔՕ 338-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է 6-ից 9 տարի ազատազրկում», — ասվում է Քննչական ծառայության տարածած հայտարարության մեջ։
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը կշարունակի իրականացնել խիստ քրեական քաղաքականություն ֆինանսատնտեսական ոլորտում հանցագործության և կոռուպցիայի դեմ պայքարի համար։



