նորություններ 1 Հուլիսի, 2026 • Հանդիպում 42 տարի անց․ Սուլդայում կրկին «հնչեց» դպրոցական զանգի հիշողությունը (Photo)

42 տարին, թվում է, մի ամբողջ կյանք է։ Այդ ընթացքում մարդիկ փոխում են բնակության վայրը, մասնագիտությունը, ստեղծում ընտանիքներ, մեծացնում երեխաներ ու թոռներ։ Սակայն կան արժեքներ, որոնց վրա ժամանակը իշխանություն չունի։ Այդպիսի արժեքներից մեկն էլ դպրոցական ընկերությունն է։

13

Սուլդայի դպրոցի՝ 42 տարի առաջ ավարտած շրջանավարտները կրկին հավաքվել էին իրենց հարազատ գյուղում։ Նրանք ժամանել էին տարբեր քաղաքներից ու երկրներից՝  Հայաստանից, Ռուսաստանի տարբեր քաղաքներից, մի նպատակով՝ նորից զգալու այն ջերմությունը, որն ապրել են դպրոցական տարիներին, և միասին նշել դպրոցն ավարտելու 42-ամյակը։ Հայրենի գյուղում նրանց մեծ սիրով ու ջերմությամբ դիմավորեցին համադասարանցիները։

14

Դպրոցի բակը կրկին լցվել էր ծիծաղով, հուզմունքով ու ջերմ գրկախառնություններով։ Յուրաքանչյուր անկյուն հիշողություններ էր արթնացնում, իսկ յուրաքանչյուր հանդիպում կարծես ջնջում էր անցած տասնամյակները։

6

Այս գեղեցիկ հանդիպումը իրենց ներկայությամբ լիարժեք էին դարձրել սիրելի ուսուցչուհիները՝ Լաուրա Մուսիկյանը, Սոնյա Եփրիկյանը, Վերոն Պետրոսյանը։

12

18 աշակերտ ունեցող դասարանից ներկա էին 15-ը։ Սակայն այս անգամ հարգելի համարեցին 3 համադասարանցիների բացակաները և բացակա չդրեցին։

7

Շրջանավարտներից մեկը՝ Գրիշա Թորոյանը, ով այսօր բնակվում է Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում և ղեկավարում է սեփական շինարարական ընկերությունը, Խաբարովսկի պատվավոր քաղաքացի է։ Չնայած հայրենի գյուղից հեռու է ապրում, սակայն ամեն կերպ փորձում է օգտակար լինել իր հայրենակիցներին։ Նա չէր կարողանում թաքցնել իր հուզմունքը.

«Կյանքը մեզ տարավ տարբեր ճանապարհներով, բայց սիրտը միշտ մնաց այստեղ՝ Սուլդայում։ Որքան էլ հաջողություններ ունենաս, որքան էլ մեծ գործեր կառուցես, ամենաամուր հիմքը դրվում է հենց դպրոցում։ Ամեն ինչ անցողիկ է, մնում են միայն մարդկային հարաբերություններն ու լավ հիշողությունները։ Այսօր, երբ կրկին հավաքվել ենք, հասկանում եմ, որ իսկական հարստությունը ոչ թե կառուցած շենքերն են, այլ այն մարդիկ, որոնց հետ կիսել ես մանկությունդ»։

8

Հատուկ խորհուրդ ուներ նաև շրջանավարտ պարոն Սայաթ Ջանոյանը, ով երկար տարիներ ղեկավարել է Սուլդայի դպրոցը որպես տնօրեն, իսկ այսօր շարունակում է դասավանդել նույն կրթօջախում։

«Մեր դասարանը յուրահատուկ էր։ Բոլոր աղջիկներն այնքան խելացի ու շնորքով էին, որ բոլորը ամուսնացան գյուղից դուրս։ Չցանկացան մնալ ու մեր գյուղը զարգացնել», — կատակում է պարոն Ջանոյանը։

«Գնացինք մյուս վայրերը զարգացնելու, քանի որ մեր գյուղը միշտ զարգացած է», — կատակին կատակով պատասխանում էին համադասարանցիները։

Նրանք քննարկում էին, թե ինչ էին սպասում կյանքից և ինչ ունեն այսօր։

«Ավարտելուց հետո ընդունվեցի բժշկական ուսումնարան, հետո ամուսնացա ու մնացի այնտեղ»,- պատմում էր Վարդեր Մարաբյանը։

«Ես էլ բժշկական ուսումնարան սովորեցի, ապրում եմ Ռուսաստանում», — շարունակեց Գայանե Մարաբյանը։

9

Ամեն մեկը պատմեց իր կյանքից և բոլորը եկան այն եզրակացության, որ այսօր բոլորն էլ ունեն ամենակարևորը՝ ընտանիք, երեխաներ, թոռներ և ունեն իրար։ Նույնիսկ այսքան տարի անց նույն ջերմությունն ու սերն ունեն իրար հանդեպ և, եթե ժամանակն ու տարածությունը որոշակիորեն հեռացրել են իրարից, այս հանդիպումը կդառնա առիթ կապերն ամրացնելու և ավելի շատ միասին շփվելու։

3

Հանդիպումը դարձավ ոչ միայն հին ընկերներին կրկին տեսնելու առիթ, այլև հայրենի գյուղ վերադառնալու, արմատներին դիպչելու և անցած ճանապարհը գնահատելու հնարավորություն։

11

Սուլդան այդ օրը դարձյալ ապրում էր իր զավակների ծիծաղով։ Իսկ 42 տարիները, որ թվում էին այնքան երկար, մի ակնթարթում վերածվել էին դպրոցական մեկ օրվա։

Այսպիսի հանդիպումները հիշեցնում են, որ ժամանակը կարող է փոխել մարդկանց, բայց չի կարող խամրեցնել այն հիշողություններն ու կապերը, որոնք ծնվում են դպրոցական նստարանին։ Եվ քանի դեռ մարդիկ վերադառնում են իրենց հայրենի գյուղ, այցելում իրենց դպրոց և կրկին հավաքվում նույն սեղանի շուրջ, Սուլդայի պատմությունն ու ոգին շարունակում են ապրել սերնդեսերունդ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝