նորություններ 16 Հունիսի, 2026 • Սեզոնային ալերգիաները և օգնող միջոցները

Գարնանային ծաղկումը, ամառային կանաչ բնությունը շատերի համար հաճելի են, սակայն հազարավոր մարդկանց համար տարվա այս եղանակները դառնում են անհարմարության պատճառ։ Փռշտոց, քթի փակվածություն, աչքերի քոր, հոգնածություն․ այս ամենը կարող է լինել սեզոնային ալերգիայի նշան։ Այս մասին Jnews-ը զրուցեց մաշկաբան Լանա Ենոքյանի հետ, ով ներկայացրեց ալերգիաների տեսակները, դրսևորման ձևերը և առաջին անհրաժեշտ միջոցները։

Մաշկաբանի խոսքով, սեզոնային ալերգիաները ակտիվանում են հատկապես գարնանը և ամռանը՝ ծաղկման և փոշոտման սեզոններին, երբ օրգանիզմ են թափանցում տարբեր ծաղիկների փոշեհատիկները՝ առաջացնելով փռշտոց, քթի հոսք և փակվածություն,  աչքերի կարմրություն։ Ալերգիայի ազդեցությունը նվազեցնելու համար հարկավոր է քամոտ օրերին հնարավորինս սահմանափակել դրսում մնալը, տուն վերադառնալուց հետո փոխել հագուստը, լվանալ դեմքն ու մազերը, փակ պահել պատուհանները, բժշկի խորհրդով կիրառել հակաալերգիկներ։

Քանի որ մենք լեռնային գոտում ենք բնակվում, մեր տարածաշրջանում առավել հաճախ հանդիպում են արևային ալերգիաները, որոնք արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների պատճաառներով են առաջանում։ Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները առավել մեծ ազդեցություն են ունենում հատկապես մաշկի բաց հատվածների վրա՝ առաջացնելով  կարմրություն, քոր, այրոցի կամ ցավի զգացում։ Այս ալերգիաները առավել հաճախ ակտիվանում են ամառային սեզոնին։ Արևային ալերգիաների հակում ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել կեսօրվա ուժեղ արևից, օգտագործել արևապաշտպան միջոցներ, կրել գլխարկ, փակ հագուստ և, իհարկե՝ խորհրդակցել բժշկի հետ։

Սեզոնային ալերգիաներ համարվում են նաև տարբեր միջատների խայթոցների պատճառով առաջացած հետևանքները։ Ալերգիկ ռեակցիաներ առաջանում են հիմնականում մեղուների, մոծակների, մրջյունների, իշամեղուների և այլ խայթող միջատների խայթոցից։ Ալերգիկ ռեակցիաները կարող են տարբեր լինել. ուժեղ կարմրություն, մեծ այտուց խայթոցի հատվածում, ուժեղ քոր կամ ցավ, մաշկային ցան։ Այս միջատները  ակտիվանում են հատկապես մայիս-հունիս ամիսներին։ Խորհուրդ է տրվում բնության գրկում կրել փակ և ոչ վառ գույնի հագուստ, օգտագործել միջատներից պաշտպանող միջոցներ, խայթոցների դեպքում օգտագործել հակաալերգիկ միջոցներ և խորհրդակցել բժշկի հետ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝