նորություններ 7 Հունիսի, 2026 • Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են

Հայաստանում այսօր՝ հունիսի 7-ին տեղի են ունենում հերթական խորհրդարանական ընտրությունները։

Հայաստանում սկսվել են խորհրդարանական ընտրությունները։ Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում իններորդ անգամ։ Երկրի ողջ տարածքում ժամը 08:00-ին բացվել է 2005 ընտրատեղամաս, այդ տեղամասերում քվեարկելը հնարավոր է մինչև 20:00-ն:

Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն ու 2 դաշինք: Ըստ ԿԸՀ-ի, ընտրական իրավունք ունի 2 միլիոն 505 հազար 102 անձ։

Ըստ օրենքի, նորընտիր Ազգային ժողովում պետք է լինի առնվազն 101 պատգամավոր ու ամենաքիչը երեք քաղաքական ուժ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է 4, իսկ դաշինքներին՝ առնվազն 8 տոկոս քվե։

Թե ի վերջո ովքեր կհաղթահարեն այս պատնեշը, ամենայն հավանականությամբ, պարզ կլինի կեսգիշերն անց, երբ կամփոփվեն բոլոր՝ 2005 ընտրատեղամասերի արդյունքները։

Ազգային ժողովի ընտրությունների համար հավատարմագրվել է 13 տեղական դիտորդական առաքելություն՝ ընդհանուր 2 672 դիտորդով։ ԿԸՀ-ի հրապարակած ցանկի համաձայն, ամենամեծ առաքելություններից են «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ 785 դիտորդ, «Անկախ դիտորդ»-ը՝ 752 դիտորդ, «Երիտասարդական ակումբների դաշնություն»-ը՝ 368 դիտորդ, «Համայնքի երիտասարդներ» ՀԿ՝ 315 դիտորդ: Ընտրություններին հետևում է նաև 8 միջազգային դիտորդական առաքելություն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝