Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունները վերջին ամիսներին մտել են առավել ակտիվ և քաղաքականորեն զգայուն փուլ։ Բրյուսելի և Երևանի միջև շփումների ինտենսիվացումը, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան, վիզաների ազատականացման գործընթացի շուրջ քննարկումները և ներքաղաքական դաշտում սպասվող ընտրական զարգացումները ձևավորում են նոր քաղաքական միջավայր, որտեղ արտաքին քաղաքականությունն դառնում է նաև ներքին քաղաքական պայքարի կարևոր բաղադրիչ։
Վերջին շրջանում Հայաստան այցելած եվրոպացի պաշտոնյաների հանդիպումները իշխանությունների հետ դիտարկվում են ոչ միայն որպես դիվանագիտական հերթական շփումներ, այլև որպես քաղաքական ազդակ։ ԵՄ-ն փաստացի ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է մնալ կարևոր գործընկեր Հարավային Կովկասում՝ հատկապես տարածաշրջանային վերաձևումների և աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։
Միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանի կարծիքով՝ այս այցերը նախևառաջ քաղաքական աջակցություն էին Հայաստանի իշխանություններին նախընտրական փուլում։
«ԵՄ բարձր մակարդակի ներկայացուցիչների այցը Հայաստանի համար առաջին հերթին քաղաքական աջակցության ազդակ էր՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Բացի այդ, Երևանում անցկացված միջոցառումները կարելի է դիտարկել որպես Բրյուսելի կողմից ՀՀ-ի աճող դերակատարման ճանաչում տարածաշրջանային գործընթացներում»,- նշում է Հովհաննիսյանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը հնարավորություն է ստանում խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ անվտանգության, տնտեսության, էներգետիկայի և ենթակառուցվածքային ոլորտներում։ Երկարաժամկետ հեռանկարում դա կարող է վերածվել եվրոպական ծրագրերի ընդլայնման, ներդրումային ակտիվության աճի և Հայաստանի լոգիստիկ դերակատարման ուժեղացման։
Սակայն, ինչպես ընդգծում է փորձագետը, այս գործընթացը նաև զգուշավոր հավասարակշռություն է պահանջում․
«Հայաստանի համար հիմնական խնդիրն է պահպանել հավասարակշռությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման և տարածաշրջանային սահմանափակումների ու այլ արտաքին խաղացողների շահերի հաշվի առման միջև՝ նվազագույնի հասցնելով անվտանգության և տնտեսական զարգացման ռիսկերը»։
Հատկանշական է, որ Եվրոպական Հանձնաժողովը մայիսի 5-ին Հայաստանին է փոխանցել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը, այս մասին հայտնել էր ՆԳՆ։
Ըստ ՆԳՆ հրապարակման՝ այն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։
Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին, իսկ Գործողությունների ծրագիրը Հայաստանին է փոխանցվել 2025-ի նոյեմբերին: Այն նախատեսում է 74 հենանիշի կատարում, որոնք իրականացվում են երկու փուլով՝ համապատասխան օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորում, դրանց գործնական իրականացման և կիրառության ապահովում։
Զեկույցում մանրամասն ներկայացված են Հայաստանի կողմից չորս հիմնական ուղղություններով ձեռնարկված նշանակալի քայլերն ու գրանցած առաջընթացը: Դրանք են՝ փաստաթղթերի անվտանգություն, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում, հասարակական կարգ և անվտանգություն, Հիմնարար իրավունքներ:
Վիզաների ազատականացման երկխոսությունն, ըստ զեկույցի, կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սահմանված բոլոր հենանիշերի լիարժեք կատարման ապահովման համար։ Հանձնաժողովը կշարունակի հետևել Գործողությունների ծրագրով սահմանված բոլոր հենանիշերի կատարումը՝ ԵՄ անդամ երկրների փորձագետների աջակցությամբ և այդ նպատակով առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն լրացուցիչ գնահատման առաքելություններ։
Սա առաջընթացի առաջին զեկույցն էր, ինչը Երևանում ներկայացվում է որպես դրական ազդակ։ Այնուամենայնիվ, փորձագետների զգալի մասը կարծում է, որ գործընթացը կարող է լինել երկար և քաղաքականորեն բարդ։
Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքով՝ հարցը միայն տեխնիկական չափանիշներին համապատասխանելը չէ։
«Վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը աստիճանաբար անցնում է գործնական փուլ, սակայն այս ճանապարհը կարող է ձգվել երկար ժամանակ և կախված է ոչ միայն տեխնիկական չափանիշների կատարումից, այլ նաև ԵՄ-ի քաղաքական գնահատականից։ Օրինակ՝ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է երկիրը լինել ԵԱՏՄ-ի անդամ և միաժամանակ համաձայնեցնել առանց վիզային ռեժիմ մեկ այլ ինտեգրացիոն միավորման՝ ԵՄ-ի հետ։
Նաև կասկածելի է, որ ԵՄ-ն թույլ տա միաժամանակ Հարավային Կովկասի երկու երկրներին ունենալ առանց վիզային ռեժիմ։ Ավելի հավանական է, որ Հայաստանի հետ վիզային ազատականացումը կուղեկցվի Վրաստանի նկատմամբ ճնշման ուժեղացմամբ։ Ավելին, չի բացառվում, որ Թբիլիսին կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից արդեն հաջորդ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Դա կարող է կտրուկ սրել ներքաղաքական իրավիճակը և ուժեղացնել ընդդիմության դիրքերը, ինչը ձեռնտու է ԵՄ-ին»։
Ընտրություններին ընդառաջ․ իշխանություն, ընդդիմություն և եվրոպական օրակարգ
Հայաստանում մոտեցող ընտրությունները արդեն իսկ ակտիվացրել են քաղաքական դաշտը։ Սակայն ընդդիմադիր բևեռում դեռևս նկատվում է միասնական ռազմավարության պակաս, մինչդեռ իշխանությունները շարունակում են օգտվել իրենց հիմնական քաղաքական նարատիվներից։
Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ընդդիմադիր դաշտը փոխվել է, և այնտեղ արդեն հայտնվել են նոր ուժեր, որոնք չեն ասոցացվում նախկին իշխանությունների հետ։ Այդուհանդերձ, գործող իշխանությունները շարունակում են ընդդիմությանը ներկայացնել «նախկինների վերադարձի» սպառնալիքի համատեքստում։
«Գործող իշխանությունների համար ընդդիմությանը «նախկինների» հետ կապելը և «պատերազմի ու խաղաղության» մանիպուլյատիվ նարատիվի օգտագործումը շարունակում են մնալ հիմնական գործիքներ քաղաքական պայքարում»,- ասում է նա։
Փորձագետը նաև նշում է, որ եվրոպական ուղղության ակտիվ մշակումը կարող է լուրջ քաղաքական առավելություն դառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։
«Եթե դրան ավելացնենք ընդդիմության մեջ կոնսոլիդացիայի և միասնական ռազմավարության բացակայությունը, ինչպես նաև Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործոնը, ապա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերընտրվելու հնարավորությունները ավելի բարձր են, քան ընդդիմության՝ իշխանափոխության հասնելու շանսերը»,- ընդգծում է Հովհաննիսյանը։
Միևնույն ժամանակ նա հիշեցնում է, որ հայկական քաղաքական իրականությունում իրավիճակը կարող է արագ փոխվել․
«Փոքր երկրներում, ինչպիսին Հայաստանն է, նույնիսկ մեկ օրը կարող է փոխել նախընտրական տրամաբանությունը»։
Արցախահայերի գործոնը առաջիկա ընտրություններում
Առաջիկա ընտրություններում կարևոր դեր կարող են ունենալ նաև Արցախից բռնի տեղահանված հայերը։ Սակայն, ըստ փորձագետի, սխալ կլինի նրանց դիտարկել որպես միասնական քաղաքական բլոկ։
«Արցախցի հայերի շրջանում նույնպես կան տարբեր դիրքորոշումներ, ուստի միասնական քաղաքական նախընտրության ձևավորման մասին մտքերը ես չեմ կիսում»,- ասում է Հովհաննիսյանը։
Նա մտահոգիչ է համարում նաև այն, որ տեղահանվածների թեման հաճախ օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության կողմից։
«Իշխանությունները սոցիալական աջակցության ծրագրերի միջոցով փորձում են ստանալ տեղահանվածների աջակցությունը, իսկ որոշ ընդդիմադիր ուժեր օգտագործում են նրանց էմոցիոնալ վիճակը՝ տալով խոստումներ, որոնք ներկա իրողություններում դժվար իրագործելի են»,- նշում է փորձագետը։
Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգերը փաստացի միահյուսվել են։ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը իշխանությունների համար դարձել է ոչ միայն արտաքին քաղաքական ուղեգիծ, այլ նաև ներքին քաղաքական կարևոր ռեսուրս։ Միևնույն ժամանակ, հասարակության ներսում դեռ պահպանվում են բազմաթիվ հարցեր՝ անվտանգության, ինքնիշխանության, տարածաշրջանային հավասարակշռության և երկրի ապագա աշխարհաքաղաքական ընտրության շուրջ։


