Իրանի և Իսրայել/ԱՄՆ-ի միջև պատերազմը դադարեցնելու հեռանկարները մնում են անորոշ։ Բանակցային գործընթացը փակուղի է մտել, իսկ կողմերը շարունակում են փոխանակվել կոշտ պահանջներով։ Jnews-ը իրանագետ Արմեն Վարդանյանի հետ զրուցել է այն մասին, թե ով է պատասխանատու երկխոսության խափանման համար և արդյոք հնարավոր է նոր դիվանագիտական փուլ։
— Ինչու են ԱՄՆ-Իսրայել տանդեմի և Իրանի միջև բանակցությունները ձախողվում։
— Ամերիկյան կողմը պահանջում է, որ Իրանը ոչ միայն հրաժարվի իր միջուկային ծրագրից, այլև խիստ սահմանափակի իր հրթիռային ծրագիրը։ ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանն արդեն հասել է այն մակարդակին, երբ կարող է արտադրել մինչև 2000 կմ հեռահարության և մարտագլխիկներ կրելու ունակ հրթիռներ, ինչը սպառնալիք է ներկայացնում Իսրայելի անվտանգությանը։ Նման պահանջները կտրականապես անընդունելի են Իրանի համար։ Թեհրանը հայտարարում է, որ այս հարցը նույնիսկ քննարկման ենթակա չէ։
Իրանը պատրաստ էր որոշակի զիջումների գնալ իր միջուկային ծրագրի հարցում, օրինակ՝ սահմանափակելով ուրանի հարստացումը մինչև 5%, որը հիմնականում օգտագործվում է արդյունաբերական նպատակներով: Սակայն, հրթիռային ծրագրի հարցում, նա պատրաստ չի զիջումների գնալ։
— Կա արդյոք նոր դիվանագիտական փուլ սկսելու հնարավորություն։
— Կարծում եմ՝ այո, բայց խնդիր է առաջացել նաև այն առումով, որ կառավարության ներսում նույնպես պառակտում կա, մի մասն աջակցում են ծայրահեղ պահպանողականներին և դեմ են ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցությունների: Իսկ կառավարության որոշ անդամներ, այդ թվում՝ Մեջլիսի խոսնակ Մոհամմեդ Ալի Աբբասարը և արտգործնախարար Աբբաս Արաղչին, կողմ են բանակցություններին: Վերջերս տեղեկատվություն է տարածվել, որ կոշտ գծի կողմնակիցները, արմատականները, զինվորականները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հստակորեն արգելել են Ալի Աբբասարին և Աբբաս Արաղչիին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ: Սա նույնպես մի խնդիր է, որը նախկինում չկար:
— Երբ են առաջացել այս խնդիրները։
— Այս խնդիրները վերջերս են ի հայտ եկել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը զգալի ազդեցություն ունի կառավարության ներսում, արգելել է այդ պաշտոնյաներին բանակցությունների մասնակցել։
Մինչ այդ, երբ Ալի Խամենեին կենդանի էր, նա թույլ էր տալիս երկրի քաղաքական ղեկավարությանը մասնակցել նման բանակցությունների։ Իսկ այս նոր իշխանությունը, այն մարդիկ որ այս պահին կառավարում են երկիրը, ավելի կոշտ և ավելի կարծր դիրքորոշում ունեն այս հարցերի շուրջ և արգելում են ցանկացած տեսակի բանակցություն։
—Ով է ավելի շատ արգելակում բանակցությունները՝ Ամերիկան, թե Իրանը։
— Խնդիրը երկու կողմից է, այն միակողմանի չէ։ Ավելին, ավելացել է Հորմուզի նեղուցի հարցը, որն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։ Այնքան շատ հակասություններ և անհամաձայնություններ են կուտակվել, որ բանակցությունները ներկայումս քիչ հավանական են, չնայած չեմ բացառում նաև, որ ինչ որ պահի լինեն բանակցությունները։
— Արդյոք Իրանն ունի օրինական իրավունք սահմանափակելու Հորմուզի նեղուցով տեղաշարժը։
— Անվտանգության խորհրդի վերջին նիստում դատապարտվել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը։ Թեհրանը, իր հերթին, պնդում է, որ չի միացել ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիային և ներկայացնում է իր սեփական փաստարկները։ Միջազգային իրավական տեսանկյունից սա խնդրահարույց է, բայց գիտենք, որ միջազգային իրավունքը ամենահաճախ խախտվողն է, գերտերություններ կան որ իրենք իրենց ձևով են մեկնաբանում։
— Ինչպես է ճգնաժամն ազդում Հարավային Կովկասի վրա։
— Անմիջական, լուրջ ազդեցություն չկա, բայց տարածաշրջանում որոշակի տնտեսական լարվածություն կա։
Հայաստանի վրա ազդեցությունը սահմանափակ է, բայց Ադրբեջանի համար հետևանքներն ավելի նկատելի դարձան իրանական անօդաչու թռչող սարքերի կողմից Նախիջևանի օդանավակայանին հարվածելուց հետո։ Բաքվի արձագանքը սկզբում կոշտ էր, բայց հետո հռետորաբանությունը մեղմացավ։ Ադրբեջանը չստացավ այն աջակցությունը, որը հույս ուներ Թուրքիայից և հասկացավ, որ դժվարին իրավիճակում է։ Հետևաբար, նա, այս փուլում, որոշ չափով հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ։ Կարող է տարօրինակ թվալ, բայց նման ազդանշաններ գալիս են Բաքվից, և Նախիջևանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն Ալիևին ավելի զգույշ են դարձրել։
— Կան արդյոք ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր։
— Այո, նման ռիսկեր գոյություն ունեն։ Եթե հակամարտության վերջնական քաղաքական լուծում չկա, ապա ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը միշտ մնում է։ Այն բացառել պետք չի։


