Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերները հայտնվել են դժվարին վիճակում, նրանց կարտոֆիլի բերքի զգալի մասը մնում է չիրացված: Չնայած գների նվազմանը, գնորդներ գրեթե չկան, և նոր գյուղատնտեսական սեզոնի մոտենալուն զուգընթաց, գյուղացիները լուրջ վնասներ կրելու ռիսկեր ունեն։
Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերները կրկին բախվում են իրացման խնդրի հետ: Նրանց կարտոֆիլի բերքը չի վաճառվում: Մարդիկ հուսահատված են և չգիտեն ում դիմեն:
Կոկիո գյուղում ֆերմերների բերքի մոտ 70%-ը պահեստներում է, գնորդներ չկան:
Կոկիոյի բնակիչ Սաքո Գալստյանը դեռ մոտ 6 տոննա կարտոֆիլ ունի վաճառելու:
«Կարտոֆիլը չի վաճառվում, գնորդներ չկան։ Ճիշտ է, ձմռանը եղել են դեպքեր, երբ նրանք չեն վաճառել։ Գնորդները եկել են, բայց մարդիկ չեն ցանկացել բացել իրենց պահեստները՝ ցրտեր են եղել, ձյունը շատ է եղել։ Եղել են նաև այնպիսիք, ովքեր չեն վաճառել այդ պահին, հույս ունենալով գարնանն ավելի թանկ վաճառել։ Հարևան Վարևան գյուղում գնում էին 1.20-1.30 լարիով, մինչդեռ մեր կարտոֆիլը գնում էին 90 թեթրիով։ Նրանք սպասում էին, որ գինը բարձրանա։ Այդպես էլ կարտոֆիլը մնաց»։
Վարևանի բնակիչ Արշակն ասում է, որ իրենց գյուղում ևս վաճառքի տեմպը ընկել է։
«Ես վաճառել եմ իմ կարտոֆիլը, բայց գյուղում շատ կա։ Ովքեր մշտական հաճախորդներ ունեն, դրանք խոշոր ֆերմերներն են, վաճառում են։ Մնացածը չեն կարող, նրանք հաճախորդներ չունեն։ Մեր կարտոֆիլը գեղեցիկ է, սիրուն գույն ունի, ուստի գնորդներ գալիս են, բայց միայն մի քանիսին է հաջողվում վաճառել։ Բերքի կեսից ավելին մնում է գյուղում», — ասում է Արշակը։
Ֆերմերների խոսքով, Ախալքալաքում կարտոֆիլի գինը նվազել է մինչև 50-65 թեթրի մեկ կիլոգրամի համար, մինչդեռ Վարևան գյուղում այն վաճառվում է 1.20-1.30 լարիով։
Դիլիսկա գյուղից Վարազդատ Սալվարյանը իր կարտոֆիլը վաճառել է աշնանը, իրացման խնդիր նա չունի։ Սակայն, ասում է, որ գյուղում վաճառքի դեռ շատ կարտոֆիլ կա։
«Գնորդները քիչ են, և գինը ցածր է։ Գյուղում, հավանաբար, դեռ մոտ 1000 տոննա կարտոֆիլ կա վաճառքի։ Այժմ 1 կգ բարձր որակի կարտոֆիլն արժե 60-70 թեթրի»։
Ենոք Բաբաջանյանն աշնանը իր բերքի կեսը վաճառել է, իսկ մոտ 10 տոննա թողել է գարնանը թանկ վաճառելու համար, բայց հիմա չի կարողանում վաճառել՝ գնորդներ չկան։
«Չի եղել, որ մեզ 1 լարի առաջարկեին, և մենք չվաճառենք։ Բոլոր նրանք, ովքեր եկել են, կարտոֆիլ գնել են, դատարկաձեռն չեն հեռացել։ Մունիցիպալիտետում կարտոֆիլ շատ կա, բայց այս տարի շատ քիչ են եղել խոշոր գնորդները։ Ամեն ինչ թանկացել է, բացի կարտոֆիլից։ Հիմա ես պատրաստ եմ վաճառել 50 թեթրիով, բայց ոչ ոք չի գալիս։ Ես ուզում եմ գոնե վնասով չմնամ», — ասում է Ենոք Բաբաջանյանը։
Նա ընդգծում է, որ գյուղում մարդիկ այլ աշխատանք չունեն, ուստի շարունակում են կարտոֆիլ ցանել։ Երբ չեն կարողանում վաճառել, ստիպված են լինում կրկին ցանել՝ հո դեն չեն նետելու։ Արդյունքում, ցանքատարածքն ընդլայնվում է, բայց շուկան մնում է փոքր։
«Կարտոֆիլի վաճառքի հետ կապված աղետային վիճակ է։ Տեղական իշխանություններն ոչինչ չեն անում, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի։ Կան նաև խնդիրներ պարարտանյութի և դիզելային վառելիքի հետ կապված, այս ամենը նույնպես կարող է թանկանալ», — հավելում է նա։
Խավեթ գյուղից Հրաչ Մովսեսյանն ասում է, որ իրենց վիճակը մի փոքր ավելի լավ է։
«Մեր մոտ մնացել է բերքի մոտ 20%-ը՝ մնացածը վաճառվել է։ Մեր մոտ բեռնատարներ գալիս էին, գուցե այն պատճառով, որ ճանապարհը բարեկարգվել է։ Այս տարի գնորդներ եկել են մեր գյուղ։ Բայց ես գիտեմ, որ հարևան գյուղերում իրավիճակը շատ վատ է։ Գինը 50-65 թեթրի է», — ասում է նա։
Հարկ է նշել, որ քչերն են հաշվարկել 1 կգ կարտոֆիլի ինքնարժեքը, ուստի վնասների մասին պնդումները մեծ մասամբ պայմանական են։
Գյուղատնտես և ֆերմեր Եղիշ Աղաջանյանը, ով մունիցիպալիտետի խոշոր ֆերմերներից մեկն է, միշտ իր արտադրանքը վաճառում է աշնանը, այս տարին ևս բացառություն չէր։
«Երբ կարտոֆիլն արժեր 1 լարի, շատերը չէին վաճառում։ Հիմա նրանք պատրաստ են վաճառել նույնիսկ 50 թեթրիով, բայց գնորդներ չկան։ Մենք սխալ մոտեցում ունենք, արտադրանքն աճեցվում է իրացման համար, և տվյալ պահին ինչ գին արժե այն պետք է վաճառել, այլ ոչ թե պահեստավորել, գարունն ավելի բարձր գնով վաճառելու հույսով։ Մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը», — ասում է նա։
Մունիցիպալիտետում կարտոֆիլի իրացման հետ կապված իրավիճակը մնում է լարված, ու այս իրավիճակը կրկնվում է ամեն տարի։ Կայուն շուկաների և համակարգային աջակցության բացակայության արդյուքում ֆերմերներն ամեն տարի բախվում են նույն խնդիրներին։ Եթե շուտ կոնկրետ միջոցներ չձեռնարկվեն՝ թե՛ կառավարության, թե՛ արտադրողների կողմից, իրավիճակը կարող է միայն վատթարանալ։


